Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ քարոզությունը և նպատակը. այլապես չէ կարելի․ պատճառ, ի՛նչ խոսքեր կարող էր գործ դնել մի մարդ, ամենևին թարմատար նշանակությամբ, որ դուրս լինեին նորա միտք հասկացնող բառերից և որ չէին բացահայտում այդ մարդու նպատակը: Մի՞գուցե պ. Իսահակյանցը պ․ Դյումայի կոմս Ֆենիքսի նման ամենայն բան գուշակում է գործ դնելով Մեսմերի արվեստը։ Մեղա, մեղա, պ․ Իսահակյանցը խոսում է Մասյաց քնքուշ մուղաների հետ, որոնց համար պատմում են, թե շատ անդամ գլորվելով Մասիսի ձյունապատ գագաթից և լանջից, սառուցի տեղ ծառայում են ծարավի մարդու համար, որովհետև ասում են, թե այդ քնքուշ մարմինքը ձգվելով որևիցե ջրի մեջ սաստիկ սառուցանում են նորան․ երևի թե պ. Իսահակյանցը փոստով ստանում է Մասյաց դարևանդից այդպիսի մուզայք և նոցանից իմանում է ամենայն բան...

Պ. Իսահակյանցը անգիտանում է, թե ո՛րպիսի դպրոցներ կամեի, որ լինեին Հայաստանում, եթե Ներսիսյան ազգային փոքրիկ ուսումնարանը հավատարիմ չէ իմ սրտին ո՛ գիտե ինչ պատճառավ և այլն։ Ինչ որ վերաբերվում է իմ ցանկությանը և դպրոցների որպիսությանը, պ․ Իսահակյանցը կարո՛ղ է կարդալ Հյուսիսափայլի 8-երորդ համարում տպած պ․ Կոմս էմմանուելի Հիշատակարանի մեջ, որովհետև այն պարոնի խնդրած դպրոցները նույնպես ցանկալի են ինձ, որպես և ամենայն ճշմարիտ ազգասիրի։ Իսկ Թիֆլիզի հոգևոր դպրոցը, որ հայտնի է անունովս Ներսիսյան (պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ), չէ կարող երբեք մի ուրախություն գոյացնել իմ մեջ, մինչև դա օրինավոր կերպով և իրավունքով արժանի լինի դպրոց անունը յուր վերա կրելու։ Այժմյան ժամանակումս, թո՛ղ նորա ուրիշ բազմամասնյա թերությունքը, միմիայն այն ուղղությունը-ամենայն բան ուսուցանել օտարի լեզվով, հերիք պատճառ է, որ ամենայն հայի սիրտ օտարանա այդ դպրոցից և նայի նորա վերա, որպես մի խրտվիլակի վերա։ Կարծեմ որ այժմ կհասկանա պ. Իսահակյանցը, թե որպիսի դպրոց կամեի ես իմ ազգի համար։

Պ. Իսահակյանցը վիրավորվել է իմ ասելուցս մեծատունների մասին, թե մարմին էին դարձած, և մեղադրում է, թե ինչո՜ւ համար շատ լավերի միջից, միմիայն մարմին դարձողների վերա մատով չեմ ցույց տվել․ պատճառն այն է եղել, որ մեր մեծատուններից մարմին չդարձողները այնքան փոքր են և աննշան, որ չեն մտանում ընդհանուրի կարգը, իսկ մյուսերը ընդհանրապես մարմին դարձած ենք ճանաչում, որովհետև հոգու համար ոչինչ հոգաբարձություն չենք տեսանում նորա կողմից։ Եվ պ. Իսահակյանցից ջատագոված գործերը այդ մեծատունների,