Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե կարծեցյալ հանցանքին համար, իրեն իրավունքը պաշտպանելուն։ Քահանան ճարահատյալ կստիպվի դատարանը թուղթ մը տալ, թե ինքը այնուհետև երեցփոխանին հետ բան չունի, և այսպիսով վերջապես անիրավությունը իր հաղթական դրոշակը կը կանգնե անպաշտպան անմեղության վրա։ Այս է ահա այն եղելության ճիշտ պատմությունը իրեն ամեն պարագաներովը, որ ինչպես կը տեսնենք ձեր նամակագրին պատմածներեն բոլորովին տարբեր է, այնուամենայնիվ ասոր ստուգությանը կարող են վկայել բոլոր քաղաքացիք, բացի ձեր անուղղակի նամակագրեն՝ կուզեմ ըսել Շաբշնիքյանցեն, Գաբրիել վարդապետեն ու պ Խալիպյանցեն։

Առջինին վրա գալով մասնավորապես, պետք է խոստովանիմք այստեղ՝ որ եթե կա Նախիջևանի մեջ իրեն կոչմանը անարժան քահանա մը, այո՛, Շաբշնիքյանց Եղիա քահանան է, որ ոչ միայն հրապարակավ խայտառակվելու արժանի է ամենայն իրավամբ, իբրև բանսարկու, չարախոս և սերմանիչ խռովության իրեն վիճակակից եղբարց և ժողովրդյան մեջ ևս, այլև քահանայության սրբազան պաշտոնը կատարելու անարժան, իրեն ավելի ծանր հանցանքներուն համար, որ վարը պիտի հայտնեմք։ — Հապա ինչպե՞ս կըլլա, որ Նախիջևանի քահանայից մեջ առաջնորդին առաջին սիրելի քահանան է Շաբշնիքյանցը։ — Եվ ի՞նչ զարմանք. Գաբրիել վարդապետին փնտրածն ալ այդպիսի մարդիկ են, նա սովորություն ունի ամեն տեղ մեյ մեկ լրտես ունենալ, իրեն գաղտնի դիտավորությանցը մեյ մեկ գործիք, և ո՛ կարող է այդպիսի անարգ պաշտոն մը հանձն առնուլ, բայց եթե վատուցած հոգվո տեր անձ մը, որպիսի ոմն է Շաբշնիքյանցը, զոր և իրեն պաշտոնին մեջ արիաջան գտնվածին համար վարձատրեց ու պատվասիրեց Այվազովսքին, Հոգևորական կառավարության անդամ կարգելով գանիկա և եպիսկոպոսական ծիրանեգույն փիլոն շնորհելով։

Վերը ըսեր էինք, թե Շաբշնիքյանցը այնպիսի ծանրակշիռ հանցանաց մեջ գտնված է, որ քահանայության սրբազան պաշտոնին անարժան կընեն զինքը. մեր ըսածը ապացուցանելու համար, հարկ կը համարինք այն հանցանաց գեթ մեկ քանին հիշատակել լսեցեք ու ինքերդ ալ դատեցեք։

Այս այն մարդն է, որ իրեն խռովարար ու անհանգիստ բնավորությամբը ի վաղուց ճանչցված ըլլալով, հոգևոր բարձրագույն հրամանավ արգիլվեր էր իրեն որևիցե պաշտոն հանձնել, բայց Գաբրիել վարդապետը այդ վճիռը բանի տեղ չդնելով, հոգևորական կառավարության