Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարժառիթ չէ՞ր նորոգությունը այն հիշատակների, որոնց հետ կապակից է եղած մեր անցած կյանքը: Մի՛թե հայը, քարտի վերա տեսանելով յուր աշխարհի տեղագրությունը, զգալու չէ՞ր մի հետաքրքրություն քննել և իմանալ այդ աշխարհի ճակատագիրը, նորա բնակիշքը, նորա անցած և ներկա վիճակները... Եվ հայոց պատմություն ուսանող երիտասարդը, արդյոք, կիսով չափ թեթևացնելու չէ՞ր յուր աշխատությունը, աչքի առաջև տեսանելով այն տեղերը և սահմանքը, որոնց վերա էին պատմական հիշատակարանների խոսքերը։ Այս մասին, մեր սրտի վկայությունը ստորասական է:

Մեք ինքնին շատ և շատ զգացած ենք մի օրինավոր քարտի կարոտություն. և Վենետիկ, պարոն Հ, Տատյանի ծախքով տպված քարտը, որպես նաև Վիեննա տպվածը, չեն կարողացած լցուցանել այն կարոտությունը, որ զգալի է։

Ի վերջո, ուսումնասիրելով Հայաստանի աշխարհագրությունը, ազգային պատմութենից, ազգային հատ ու կտոր աշխարհագրութենից, զանազան եվրոպական ազգերի արած ճանապարհորդութենից և մինչև այժմ բոլոր Եվրոպայի մեջ այլևայլ լեզուներով երևեցած քարտերից որոշեցինք տպագրել հայոց լեզվով մի քարտ, օգուտ քաղելով, մինչև այժմ Եվրոպիո մեջ երևան ելած բոլոր քարտերից և կառավարությանց[1] երկրաչափերի և աշխարհագիրերի պաշտոնական տեղագրութեններից:

Մեր գաղափարի իրագործությունը, այսինքն քարտի կազմությունը և նկարը, որպես նաև պղնձի տախտակների վերա փորագրությունը և ի վերջո տպագրությունը, պիտի կատարվի Ռուսսիո զինվորական նախարարության, զինվորական տեղագրական կառավարութւան մեջ։ Այս առիթով, մեր տպագրելի քարտին վերաբերյալ, բոլոր տեղեկությանց դիվանական աղբյուրները բաց են մեր առաջև։Քարտի կազմությունը և նկարը հանձնված է վերոհիշյալ տեղագրության կառավարության մեջ, երկրագրության բաժնի պետ, փոխգնդապետ պարոն Շվարյովին, որ պիտի աշխատի մեր անմիջական ներկայությամբ և թելադրությամբ, առանց որին հրաժարվում է ճարտարագետը գործ կատարելուց և անհնար է իսկ: Թե ինչ աստիճանի կատարելություն կունենա այս քարտը, այդ բանը ինքը ժամանակը ցույց կտա և մեզ ավելորդ է ջատագովել:

Քարտը պիտի բաղկանա չորս մեծ թերթերից, որ կպչելով միմյանց մոտ, պիտի բաղկացնեն մի թերթ, այսինքն ամբողջ Հայաստանի հատակագիծը:

  1. Ռուսսիո և Պրուսսիո։