Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեև մինչև այժմ ամեն աշխատություն և ծախք հանձն առած ենք մեք, թեև տակավին մեծ աշխատություն կա մեր առաջև այս բանը գլխավորելու համար, թեև մեք ենք սորա հրատարակողը, բայց քարտը լինելու չէ մեր սեփականությունը:

Բացի մի օրինակից մեր համար, արդեն զրկում ենք մեր անձը այլ օրինակների վերա իրավունք ունենալուց, և այս օրից, դարձնում ենք նորան Կոստանդնուպոլսի, Հայկական Բարեգործական Ընկերության սեփականություն[1]:

Քարտը տպվելուց հետո և կանխավճար պարոններին յուրյանց օրինակները հասուցանելուց հետո, մնացած բոլոր օրինակները պիտի վաճառվին Բարեգործական ընկերության օգտի համար, նույն ընկերության ընտրած գործակալների ձեռքով և բովանդակ երկրագունդի վերա,ուր ցրվեց տարավ մեր ազգը նորան կործանող մրրիկը։

Եթե մեր բացած ստորագրությամբ, այնքան գումար գոյանա, որ տպագրության ծախքից առավելու, այն ժամանակ մնացորդ գումարը ևս պիտի հասանի հիշյալ Բարեգործական ընկերության, ըստ որում, մեր ազատ կամքով, նա է քարտի տերը, և մեք լոկ միջնորդ ենք այս բանում։

Մեր քարտի տպագրության երկրորդ օրը, Ռուսսիո և Թյուրքիո մեջ մեր ազգային օրագրերում հրապարակով կտպենք կանխավճար պարոնների անունները, նոցա առած օրինակների թիվը և գոյացած դրամի որքանությունը։ Կտպենք նույնպես եղած ծախքի ցուցակը, այսինքն այն հաշիվները[2], որ վախճանական կերպով կտան մեզ տեղագիր-նկարիչը, փորագրիչը, տպարանը և թղթավաճառը։ Սոցա հետ միասին կհրատարակենք և մանր ծախքերը, որոնց համար չէինք կարող մասնավոր հաշիվներ ստանալ մեզանից դրամ ստացողներից։

Քաղցր է մեզ հավատալ, թե այս մեր ձեռնարկությունը պիտի հանդիպի

  1. Կոնստանդնուպոլսի հայկական Բարեգործական ընկերության նպատակն է հայոց աղքատ մանուկները կրթել և դաստիարակել հատկապես երկրագործության և արվեստների մեջ։ Այս նպատակով հիմնվելու մասնավոր (специальный) ղպբոցը շուտով կը բացվի փոքր Հայաստանի մեջ, ուր հողի արգավանդությունը և ծովեզերյա դրությունը մեծապես գրավում է մեր բոլորի ուշադրությունը, որ մի հատ է յուր տեսակի մեջ և որի վերա անչափելի մեծ են ազգի մտածողների հույսերը: Անդամ լինել այդ ընկերության կարելի է բաժիններ ստանալով. յուրաքանչյուր բաժինը 6 արծաթ մանեթ է։ կ. Պոլսի Բարեգ. ընկեր. տնօրեն ժողովին պիտի ուղղել բաժնորղագրության դրամը, քանի որ ընկերությունը ձեռնհաս չէ եղած մեր մեջ մի գործակալ կարգելու:
  2. Պարոն փոխագնգապետ Շվարյովից մեզ հասած մոտավոր հաշիվը հասանում է մինչև 7000 մանեթ արծաթ։ Այս հաշվին նայելով, հանդուգն ձեռնարկություն է մեր արածը. բայց կամենում ենք, որ այս ևս անցանե մեր ժամանակակից հիշատակարանների մեջ։