Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդը ընդունակ չէ այդ բոլորի թելերը իր մտքի մեջ որպես մի կենտրոնի մեջ ամփոփել, նորան միօրինակ անօդուտ են պատրաստ համակարգությունքը։

Մարդու էական արժանավորությունը է նորա մտքի անսահման ազատությունը․ եթե այն էլ բռնաբարվեցավ այս կամ այն հեղինակությունից կամ համակարգությունից, էլ ի՞նչ համ կմնա մարդկային արժանավորության մեջ։ Հազար փիլիսոփայություն — մեկ ստակ։

Կարող են ասել, թե փիլիսոփաների ճիգը և նպատակն էլ այն է, ինչ որ դու ասում ես ուրիշ խոսքերով, էլ ինչ երկար բարակ գլխացավություն։

Բանն էլ այն է, որ ուրիշ խոսքերով և եթե մարդկային խոսքը կշիռ ու խորհուրդ ունի, ապա ուրեմն ամեն խոսք իրարից տարբեր է և չէ շփոթվում։ Փիլիսոփա պարոնները իրենց համակարգությունքը հենց դրել են մեջտեղ որպես մի հավատալիք, որպես դոգմա․ մենք ոչ թե ձեռնոց ենք նետում իմաստության, այլ այն ձևին և դատապարտում ենք այն վարդապետությունը, որ երևում է որպես դոգմա։ Չէ պետք մոռնալ, որ մինչև այժմ մարդու արած հառաջադիմությունը, թեև ըստ երևույթին կարծվի նորմուծությունք, այնուամենայնիվ, ըստինքյան և էականապես ուրիշ բան չեն, եթե ոչ հին շինվածքների կործանում։ Այնքան շատ և այնքան խիտ են այդ անտեր շինվածքը, որ մարդը ճամփա չունի, և քանի խելքի է ընկնում, կամաց-կամաց կործանելով նորանց բացում է իր ճամփան։ Եթե որևիցե ստրուկ ազատվում է ստրկությունից, այդ չէ նշանակում թե նա նոր բան ստացավ, այլ թե ինչ որ կորցրել էր գտավ, նորը տակավին առջևումն է։ Բայց ինչպես է և ինչ պիտի լինի այդ նորը։ Եթե մենք քեզ հետ ապրենք մինչև այն ժամանակ, եթե ուսանենք այն ժամանակի պետքերը և շրջապատող աշխարհի հասկացողությանց գումարը, այն ժամանակ միայն կարող եմ քեզ ասել, թե ինչպես բան է այդ նորը, բայց մինչև այն ժամանակ ինձնից պատասխանի մի սպասե՛, ես փիլիսոփա չեմ։

Առ այժմ, ես այսչափ միայն գիտեմ, որ կորցվածը պետք է փնտրել, երբ որ այդ բոլորը ձեռք գա, այն ժամանակի մարդը թող հոգա և ստեղծե ինչ որ իրեն պետք է․ ես ինչ իմանամ, թե ինչպես կլինի մարդու հասկացողությունը հարյուր տարի ետքը, որ հիմիկուց դատողություն անեմ այն մասին։ Նախնիք որ կորցնում էին, մի՞թե այդ կորուստը միշտ զգալի էր․ քավ լիցի, շատ կորուստներ, որ այժմ մեր հասկացողությամբ կորուստ են, նոցա աչքում եղած են որպես վնասակար