Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և երկչոտ դիվանապետականության շաղակրատությունքը։ Շուտով այդ բաները գրվելուց հետո, ինքը պատմությունը ապացուցեց, թե ինչպես անհիմն էին այս մռայլոտ գուշակությունքը Անգլիո մասին, նույնպես և հայրենիքի վերականգնյալ դրության վրա գաղափարական հասկացողությունքը։ Բայց Հեգելին տրված չէր տեսնել ոչ այն և ոչ էլ մյուսը։ Հեգելը մեռավ խոլերից նոյեմբեր. 14-ին 1831 թվականին»։

Պարտական ենք այստեղ մի երկու խոսք ավելացնել այն պատճառով մանավանդ, որ Հեգելի այս տեսակ կարծիքների մասին նմանեցուցինք Բոռքին։ Բայց վերստին կրկնում ենք, Բոռքը հիվանդ և սասանյալ ուղեղով, և մինչդեռ Հեգելի ամբողջ համակարգությանց մեջ կան իր վերջին փիլիպպոսականի հետքերը, Բոռքի անցած կյանքի վրա, մինչև նորա հիվանդանալը, չկան այնպիսի մութ գուներ, որ կարողանային խավարեցնել նորա անպայման և անշահախնդիր ազատասիրությունը։

Հետևյալ խոսքերով վերջացնում է Հայմը իր դասերը։

«Նա մեռավ իր գործունեության միջակետում, իր փառքի բարձրության մեջ, իրեն հետևող բազմաթիվ ամբոխի խոր հարգությունը կատարելապես վայելելով։ Նորանից հետո մնաց ոչ միայն մի հզոր համակարգություն, այլև մի հզոր և լայնատարած դպրոց (ուղղություն), և այդ դպրոցը ըստ էության էր նորա ստեղծվածը և մինչև անգամ նորա փիլիսոփայության մի մասը։ Այդպիսի մի համակարգություն անհնար է երևակայել առանց ձևավոր, հուսալի և գործարանավորված ընկերության։ Այս համակարգությունը, իր բովանդակությամբ լինելով էնցիկլոպետիկական, իր արտաքին երևույթով բնականապես տարածողական էր։ Նա ուրիշ սահմանագլուխ չգիտեր բացի գիտության սահմանագլխից. Նա կարող էր իրագործել իր հասարակաց հասկանալի լինելու ձգտողությունքը միմիայն աշխատության մասնատությամբ (разделение труда) , նա կարող էր շարժվել և լայնանալ մինչև անվախճանը, նորա բանախոսության (диалектика) և նորա երկմտության (двусмысленность) օգնությամբ. նորա հետ կարող էին բարեկամանալ բոլորովին միմյանց ներհակ հասկացողությանց մարդիկ և նորա նշանակերպերի (формула) տակ կարող էին թաքնվել որչափ անկեղծ, նույնչափ և նորա կեղծից ոչ ազատ պաշտողքը։ Իր սկզբամբ միապետական, փակված և բացառողական էր այդ համակարգությունը. ինքըստինքյան շրջափակում էր նա իր հետևողքը մի մշտական կենտրոնացությամբ (средоточием) խմբի մեջ և կախոզության զգացողությունը վարձատրում էր անպայմանության հպարտ գիտակցությամբ։ Համակարգության