Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառ, սոքա երկուքը ևս կապակից են իրար հետ և մինը չէ կարող առաջ երթալ առանց մյուսին, մինը չէ կարող հետ մնալ և ավերվել առանց մյուսին։ Լեզուն ըստինքյան մի աման է, որով մարդը թափում է իր միտքը իր նմանների մտքի մեջ. սա է այն կամուրջը, որի վրայով կարող են ազատորեն ընթացք ստանալ մտքերի առևտուրքը։ Անլեզու մարդու վիճակը, այսինքն մունջի արտասվելի վիճակը է ամենամեծ պատուհասը, որին կարող էր ենթարկվիլ մի մարդ։ Կույրը, մխիթարվում է լեզվով, ձեռքից և ոտքից ընկած մարդը մխիթարվում է լեզվով.պատճառ, լեզվի միջնորդությամբ իր կարիքը հայտնելով մերձավորին,գտնում է իր համար օտար աչք, օտար ձեռք ու ոտք։ Ստո՛ւգ է, չեն սոքա, որպես կարող էին սպասավորել նորա սեփականքը, բայց և այնպես ի՛նչ համեմատություն կա սոցա և մունջի մեջ։ Այն թշվառը աչք ունի, ձեռք ու ոտք ունի և շատ անդամ մի առույգ առողջություն ընդհանուր կազմվածքի, տեսնում է, շոշափում է, ճաշակում է, հոտոտում է, հետևաբար և ամեն վայրկյան արտաքին աշխարհի տպավորությունքը թափվում են նորա զգացողության վրա, բայց, պիտի մնան նոքա այնտեղ, որպես մի անելանելի վիրապում և պիտի մաշեն և չարչարեն այն զոհը, որ հնար չուներ դուրս թափելով նորանց, թեթևանալ իր բեռներից։ Այս է գեթ այն ցավը և թշվառությունը, որ նա զգում է, բայց սորանից ավելի թշվառություն կա, որին թեև ենթակա է նա, բայց չգիտե։ Իմացական աշխարհը փակ է նորա դիմաց։ Ահա այն սոսկալի վատաբախտությունը։ Ոչ մի գաղափար, որ մարդկությունը արյունի գնով մշակել էր, չեն նորա համար։ Նա չգիտե մինչև անգամ թե ի՛նչ է ինքը,ի՞նչ պաշտոն ունի ամենաբարի բնության գոգում կատարելու, մինչև ո՞ւր հասնում է իր նմաններին (ո՛չ մունջերի) կարողությունքը և ձըգտողությունքը։ Նա չգիտե թե ի՞նչ տեղից եկավ և ու՛ր է գնում։ (Թեև այս բանը և շատ ուրիշների համար տակավին գաղտնիք է, բայց գոհություն բնության, օրեօր այդ անթափանցելի վարագույրը անոսրանում է)։

Մունջը, մի փոքր ավելի լավ է դրված բնության մեջ, քան թե վերին աստիճանի կերպարանագործված կենդանիքը. և այս է նորա էության գագաթնակետը։ Նորա համար չկա բարոյական խնդիր։(Եթե գիտեն սորանից ավելի թշվառ վիճակ, թող ասեն մեզ. մենք, գոն՛ե , չգիտենք)։

Բարոյական խնդի՞ր... ո՞ւր է դորա աղբյուրը, միթե դո՞ւր է դա մարդկությունից, որ մունջը մարդ լինելով անմասն է նորանից։ Բանն էլ այս է, որ մունջը բարոյապես մարդ չէ. վերևն էլ ասացինք, մունջը է անբան կենդանիների ամենպկատարյալը. եթե օրանգութանգի կամ