Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի լիներ ավելի ազատ, ավելի բազմակողմանի, ավելի հեռատես, օրեօր այս երկու բարբառների ներքին կապերը միմյանց հետ աննշմարելի կերպով պնդելով, ամրացնելով, օրեօր այդ բարբառքը միմյանցից բաժանող պատի այս աղյուսը, այն քարը, մյուս սյունը խլելով։ Պիտի կարողանային այդ երկու բարբառքը երբևիցե իսպառ միանալ, այդ չենք համարձակվում պնդել, բայց այսքանը անմերժելի է, որ շատ և շատ կարող էին մոտենալ. այսքանը անժխտելի է, որ առանց ընդհանուր միության լեզվի՝ ունա՜յն երազ է հասարակաց ազգի առաջ գնալը։ Բայց կրկնում ենք, այս շատ զգուշալի և նազիկ խնդիր է, որովհետև հեղինակը հերիք չէ, որ պիտի օրեօր իջներ մինչև իր բարբառի տակը, այլև մոտենար և միավորվեր իր եղբոր հետ։ Արդարև կրկին շարժողություն և ի՛ր առանցքի վրա և դեպի մյուս իր նմանը։ Կա՞ այս շարժողությունը, ես գտակս վեր եմ ձգում և այն ժամանակ կհամարձակվիմ այն աղոտ և գունաթափ լույսը ընդունել որպես ապագայի հրաշափառ արշալույսի կարապետը. չկա՞ այս. բուեր եկեք, եկեք, երթանք դարձյալ մեր ավերակների խավար անկյուններում մեր գլուխը լալու։

Շատերը կծիծաղեն պարզամտությանս վրա, որ դեռ այդ երկու բարբառքն էլ բնավ իրենց մթնոլորտի համար անգամ իսպառ հասարակաց դարձած չլինելով, նոցա միավորության խնդիրն ենք բարձրացնում։ Այդ խորիմաստ փիլիսոփային էլ խորհուրդ կտանք, որ լավ ուշադրություն անե երկու իսպառ անմերձենալի կարծված բարբառներին: Բարբառների մի քանի արտաքին ձևերը չեն և չեն այնպես անխորտակելի արգելք նոցա միավորության, ինչպես կարծվում է առաջին անգամ ակը տալիս. կենդանի լեզուն հոսանուտ մի բան է և ամեն օր փոփոխության տակ. մենք մեր կարճ կյանքում և մեր արած փորձերից տեսնում ենք նորա հեղափոխությունքը։ Իջնո՞ւմ են այդ հեղափոխությունքը մինչև արմատը, ազդո՞ւմ են հասարակ ժողովրդի լեզվի վրա. այդ բանը թեև չէ նշմարվում մի քանի տարում, կամ չէ կարելի առանձին- առանձին քննելով գտնել մի մեծ տարբերություն, բայց գումարի պատասխանը ստորասական է։ Չկա աշխարհիս երեսին բան, որ բնության օրենքներով չկատարվեր. ինչ որ այդպես չէ, սուտ է։ Բայց որովհետև լեզուն իրողություն է և սուտ չէ, ուրեմն և ենթակա է բնության օրենքներին, իսկ բնության մեջ մենք տեսնում ենք, որ մի փոքրիկ խմորոցը որոշյալ պայմանների ազդեցության տակ խմորում է շաղախը, եթե հացի և եթե այլ բաների. անհնար է թե լեզուն հեղափոխվելով ազգի ավելի առաջ գնացած մասին մեջ անփոփոխ մնա մյուս մասին վերաբերությամբ, անհնար է, թե այդ հեղափոխությունը ազդեցություն չանե.