Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի ավանդություն, որ առանց ամենայն պատճառի առաջանար։ Այո՛ , այդ ավանդությունքը, որքան հեռանում են իրենց ծագման ժամանակից, այնքան շատ կերպարանափոխ են լինում, ընկնելով ժամանակների և հասկացողությանց ազդեցության տակ, մինչև այն աստիճան, որ շատ անգամ դժվար է լինում հասկանալ կամ մեկնել. բայց և այնպես անհնար է թե նոցա հիմքը եղած չլինի կամ մի ստույգ պատահած իրողություն (թեև այլապես) կամ մի գաղափար, որի այլաբանությունը վերջի սերունդը ընդունում է պատկերաբար, առանց նոցա մեջ թաքնված ճշմարտության կամ փիլիսոփայության վերահասու լինելու։ Սոցա օրինակները խիստ շատ կան Ասիայում, ուր այլաբանական խոսվածքը և ձևը տիրապես սովորական էր, մանավանդ հին ժամանակներում. բայց ասիական այլաբանությունքը մի աննշան բաներ են համեմատելով հունական դյուցաբանության հետ։ «Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ, և Բիւրասպի Աժդահակայ փցուն և անճոռնի առասպելքն իցեն, և կամ է՞ր սակս զմեզ պարսից անյարմար և անոճ բանից, մանաւանդ թէ առաւել վասն ամբաստանութեան առնես աշխատ... Զի՞նչ քեզ առ այսոքիկ կարօտութիւն, առասպելք սուտք... Մի արդօք յունական պերճ և ողո՛րկ առասպե՞լքն իցեն, հանդերձ պատճառաւ, որք զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ...» այսպես էր գրում մեր անզուգական Քերթողահայրը, Սահակ Բագրատունուն[1] ։

Ավանդությանց մեջ, ամենից ավելի անհաստատը, փոխոխության և աղճատանքի ենթարկվողը է նոցա ժամանակը։ Շատ անգամ ավանդությունը գրեթե անարատ մնալով էապես, փոխվում է նորա ժամանակը. այսինքն մի անցք, կամ մի իրողություն, որ ստուգապես պատահած էր, դնենք, Թորոսի ժամանակ, այդ բանը համարվում է եղած կամ Մինասի ժամանակ, որ շատ առաջ էր ապրել Թորոսից, կամ Նիկողոսի, որ Թորոսից շատ դարեր հետո էր ծնել։ Այդ ժամանակի առաջ ու հետ խաղալը կախվում է Թորոսի, Մինասի և Նիկողոսի ազգի մեջ ունեցած խորհրդից, արժանավորությունից և հատկությունից։ Հայտնի է, թե մի պատերազմ, մի քաջագործություն, մի հաղթություն չի վերագրվիլ մի սուրբի, որպես նաև մի հրաշագործություն մի երևելի զորավարի։ Եթե ազգը Թորոսի օրով տեսել է մի խորհրդավոր անցք, բայց Թորոսի վրա բնավ համարում չունի, ազգի հետագա զավակները այդ անցքը անպատճառ կխլեն Թորոսից և կվերագրեն մի մարդու, որ կամ առաջ է ապրել Թորոսից կամ վերջը, որի վրա ազգը մեծ համարում ունի քաղաքականապես կամ կրոնապես

  1. Մովս. Խորեն., Պատմ. հայ.: