Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են աստվածային խոսքով» (Հուստոս Լիբիղ,նամակ 4. տե՛ս և նորա ավելվածը)։

Դառը բողոք. բայց որքան տող, այնքան ճշմարտություն։ Թո՛ղ, մի՜շտ օրհնվի գիտության նահատակների անմահ և նախանձելի հիշատակը։

Միայն Արագածը չէ, որ տվել է իր հարկը միջին դարերին. մեր վեհափառ Ազատ Մասիսը նույնպես ձգել [է] այդ խավար դարերի գանձանակը իր լուման։ Ո՛վ չգիտե էջմիածնի «Լուսավորչու» ասված քամին, որ ամառները ամեն իրիկուն արևը մտնելու ժամանակ բարձրանում է Մասիսի կողմից և զովացնում է էրված փոթոթված Արարատյան դաշտը։ Արդա՛րև, նայելով ցերեկվա ջերմության աստիճանին, ստուգապես կարելի է ընդունել այդ քամին որպես երկնային պարգև։ Ես ինքս, Էջմիածնի մեջ սեպտեմբերի սկզբում, սատկած ձուկի պես բերանս բաց մնացած, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ արևը պիտի թեքվի, որ իմ ալևոր Մասիսի կենարար շունչը ինձ հասնի ու մի քիչ զովացնե: Անշուշտ, մի վտանգ, մի մոլորություն չկա և չէ կարող լինել, եթե ժողովուրդը չգիտե այս բանի զորությունը, բայց և այնպես գիտենալը ավելի օգտակար համարելով, գրում ենք մի քանի տող ՝ ներողություն խնդրելով ընթերցողից, որ մեր գրվածքը շատ ճյուղավորվում է այս անգամ:

Արևը սաստիկ տաքացնում է որպես Արարատյան դաշտը, որ ամեն կողմից գրեթե շրջապատված է ապառաժ և մերկ սարերով, նույնպես և Արագածի վիթխարի քարակտուր մարմինը։ Թողում եմ բոլոր դաշտի մեջ ցիր ու ցան ընկած, թե ավերակներից մնացած և թե սարերից եկած անհամար քարերը։ Թեև, այո՛, ոչ փոքր բան են սոքա, որովհետև բովանդակ դաշտը լիքն է այսպիսի քարերով։ Այս սարեըր, դաշտը և քարերը արևի ճառագայթներից սաստիկ տաքանալով, ջերմության բնական օրենքով, որ լայնացնում է ամենայն մարմին, լայնացնում և անոսրացնում են Արարատյան դաշտի օդը։ Հյուլեքը այս օդի, որ անմիջաբար շոշափում էին տաքացած մարմիններին, լայնանալով և մի որոշյալ տարածության մեջ ավելի տեղ բռնելով, քան թե սեղմ օդը, սկսում են կամաց-կամաց բարձրանալ դեպի վեր և այս է պատճառը, որ ջերմության ժամանակ անոսրանում է այդտեղի օդը և մի վաստակեցուցիչ և վհատեցուցիչ ազդեցություն է գործում կազմվածքի վրա։ Այս է պատճառը, որ Արարատի ձյունական գոտին, չնայելով նորա աշխարհագրական դրության, այսինքն Հյուսիսային լայնության, ավելի բարձր է, քան թե նույն լայնության տակ եղած ուրիշ սարերի ձյունական գոտին։ Հաշվելով