Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտենք, որ ասիացին դեռ երկա՛ր ժամանակ չպիտի կարողանա եվրոպացու պես թել քաշել շերամի բոժոժից. նույնիսկ Հյուսիսային Եվրոպայի մեջ քաշված թելր պակաս արժեք ունի, քան թե Հարավային Ֆրանսիայի կամ Իտալիո (Պիեմոնտ) մեջ քաշված թելը, բայց այդպիսի դիպվածում կարելի է բոժոժը ծախել։ Իսկ մեծ գեղերում, ինչպես Աշտարակն է, եթե շատ շերամ պահողք լինին, հեշտ կարելի է ընկերովի բանալ մի փոքրիկ թելքաշի գործարան, ուր ամենի թելերն էլ քաշվեին։ Թել քաշելը թեև մեծ աջողակություն և մեծ զգուշություն է պահանջում քաշողի կողմից, մանավանդ անդադար ուշադրություն, հանգույցներ շինելու թելերի մեջ, այնուամենայնիվ մենք վստահ ենք, հայկանանց ձեռքի շնորհքի վրա որ թե նորա ձեռքին օրինավոր գործիք լինի և մի քանի անգամ այդ բանը օրինավոր կերպով ցույց տվող, նա հետ չի մնալ եվրոպացի կնոջից։

Մենք միայն շերամաբուծության մասեն խոսեցանք, բայց միայն այդ չէ, որից կարող են օգուտ քաղել հայերը։ Կան այնտեղ շատ ուրիշ բաներ և շատ օգտակար բաներ, բայց այսօր ամենքն էլ երեսի վրա ընկած։ Ստույգ է, որ այդ բաների համար խոսող ասող էլ չկա, գիտությունը ոտք չէ կոխել Հայաստան, մեր գրագետքն էլ ջրհեղեղից առաջ մնացած գաղափարների քարոզ։ Ո՛չ գիրքըt ո՛չ կարդացող. դպրոց էլ հարկավոր չէ։ Թո՛ղ կործանվի, բողոքականության և անհավատության օրորոց: Ո՛վ գիտե, թե ի՞նչպես անուշ է գալիս այս բացականչությունը պ. Չամուռճյանի ականջին...
Հասարակ ժողովուրդն էլ տեսած լսած չլինելով, հայտնի է. թե երկնքից չէ կարող ուսանիլ. մարդը պետք է տեսնե, լսե, և դոցա օգուտը ճանաչե, որ հետո համոզվի և գնա' նոցա քամակից։ Առանց սոցա ոչ միայն չեղած օգտակարը չէ կարող ներս բերել ազգի մեջ, այլև եղածիցն էլ օգուտ չէ քաղում։
Ամենին հայտնի է էջմիածնի պարսպի հարավային կողմում այն մեծ լիճը, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը շինեց։ Տոթահար միաբանը կես օրից հետո դուրս է գալիս երբեմն այդ լճի լայն շուրթի վրա ման գալու։ Բայց ո՞րչափ ավելի կգեղեցկանա այդ լիճը, ո՞րչափ ավելի զվարճալի կլինի նորա շրջանում ման գալը, ո՞րչափ կկենդանանա օդը, եթե մի քանի կարգ ծառ տնկվի այդ շուրթի վրա։ Բայց ոչ ծառ կա ոչ տնկելու դիտավորություն։ Ի՞նչ է պատճառը. ինձ պատասխանեցին, թե առանց ծառի էլ մոծակի ձեռքից օր ու արև չունին. ծառն էլ որ տնկեն, էլ մոտ գնալ չի լինիլ: Այսպես ահա, երկյուղը մոծակից զրկում

238