ուր հեղինակը, դուրս գալով բնականի սահմանից, օգնություն է խնդրում երևակայությունից:
Այս դրությունը մենք արդեն օրինակներով արդարացուցինք, բայց համեմատաբար ավելի թեթև հանգամանաց մեջ։ Անցքի կատաստրոֆը, որ ամեն իրավունքով պահանջում է հեղինակից ավելի հմտություն և ճարտարություն, ուր պիտի որ գործի ամբողջ ընթացքի մեջ շարված թելերը ավելի ճարտարությամբ, ավելի հնարագիտությամբ և ավելի բնականաբար միանան, հավաքվեն և կենտրոնանան, ինչպես արևի ճառագայթքը անցնելով մի ոսպնաձև ապակուց, որ իսկույն կրակեն այդ կատաստրոֆը, եթե համեմատում ենք գործի ընդհանուր արժանավորության հետ, շատ թույլ է և ոչ միայն այսչափ, այլ և անբնական ։ Այո՛, հեղինակի բուն խորհուրդը Սոսի կամ Վարդիթերի պատմությունը չէ, ինչպես առաջ էլ ասած ենք, այլ Աշտարակի կյանքը, բայց և այնպես, իբր թե և որպես օգնական առել է Սոսը, Վարդիթերը և սիրու կրակը, ցանկալի էր որ կատաստրոֆը ունենար ավելի բնականություն։
Անբնական է, երբ Վարդիթերը որպես տասն և մեկ տարեկան աղջիկ մի ջլերը սասանեցնող տխուր անցքից կաթվածահար է լինում, անբնական է, երբ կաթվածից հոգեվարք մարդը ցույց է տալիս ուղեղի և ջլերի անխոտոր և առողջ պաշտոնակատարություն։ Եթե նորա ուղեղը և ջլերը այն վիճակում են, որ նա հանգիստ խոսում է, ուղիղ մտածում է, հիշողությունը չէ կորցնում, աչքը տեսնում է և ականջը լսում, էլ ինչ պատճառից է մեռնում։ Ոտքե՞րն են կաթվածահարվել, այնպիսի դիպվածում նա կարող է շատ տարիներ ապրել։ Թոքերը կամ սի՞րտն է կաթվածահար եղել, այն ժամանակ պիտի որ մեռներ առանց ոչ թե շաբաթներով, օրերով, այլև ժամերով ապրելու։
Թե Սոսն ասես, շատ կեղծ վիճակում է։ Ցրտում, գլխաբաց, ոտքը բոբիկ ման է գալիս երեք գազ ձնի միջում և այն ցուրտ ձմեռ և Արագածի զառիվայրում։ Ձորը մտնում է, ջրում լողանում, աղվեսների և գայլերի հետ կռիվ տալիս և այն օրերով։ Եվ չնայելով, որ նա մահ է փնտրում քան թե կյանք, այնուամենայնիվ չէ մոռանում իր կյանքի պահպանության հոգսը. «խոտի քոքերը ձնի տակից հանելիս ու ծամելիս» տեսնում են նորան ապարանցիք։ Մի շաբաթ է, որ նորա քամակից ման են գալիս Աշտարակի տղաքը, տեսնում են, բայց սիրտ չեն անում մոտենալ. վերջապես երկու շաբաթ անցնելուց հետո Գարեգինն է նորան տեսնում և Սոսը գալիս է նորա մոտ։ Գարեգինը խրատում է, համոզում է տուն դառնալ և Սոսը դառնում է։ Բայց այս երկու շաբաթում, այն ցրտի և ձնի մեջ, սառը ջրում լողանալով, սառուցի վրա թեք ընկնելով,