Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսիայում, շատ ռուսագետ հեղինակների և մանավանդ— Տաճկաստանի ֆրանսեագետ հայ հեղինակների դրվածքի մեջ վխտում են*։

Հին լեզվի կեղևին ստրկանալ համարում ենք, երբ մի հեղինակ փոխանակ ժողովրդի հանրական ձևին հետևելով, կենդանացնելու, գրելու, կանգնելու, նստելու և այլն ասելու տեղ, գրում է կենդանացնելոյ, դրևլոյ, կանգնելոյ, նստելոյ և այլն։ Ինչ է այս ոյասիրության խորհուրդը. դրածին ավելի վսեմությո՞ւն տալ, թե՞ ավելի հասկանալի անել նորան ժողովրդյան։ Նախ որ ոյ-ը ու-ից ոչ գեղեցիկ է և ոչ վսեմ. ու վերջավորություն սեռական աներևույթ եղանակի, որպես համորեն ազգի գործածած, նոր լեզվի մեջ միշտ ավելի գեղեցիկ և ավելի պատշաճավոր է, քան թե ոյ-ը, որ նոր լեզվի մեջ բնավ հանդես չունի։ Երկրորդ, ոյ-ը ու—ից ոչ միայն ավելի հասկանալի չէ, այլ շուտով ավելի անհասկանալի, ասել է թե այս երկու պատճառով էլ ոյասիրությունը չէ կարող արդարանալ, մնում է մեջ տեղ հին լեզվի ստրկությունը, որ ստիպում է հեղինակին կենդանի ժողովրդի կենդանի լեզվի արտոնությունը հափշտակելու։ Նույնպես ի գործ դնել, ի մեջ բերել, ի լույս հանել, որպես թե եթե գործ դնել, մեջ բերել և լույս հանել ասե կամ ավելի անարգ է լինում կամ անհասկանալի. սորանից լավերը կան «ջանի գործ ենք լինում», «յօրէ անտի իւր հաստատութեան մինչև ցայսօր»։ Չպիտի մոռանալ, որ այդ նախդիրները կորուցել են իրենց իրավունքը ազգի շրթունքի վրա, և տնաքանդները սոսինձի նման մի մածուծիկ բան էլ չունին, որ մի հեղինակ թե կամենա դնել ազգի շրթունքի վրա, կպչեն մնան ու վայր չընկնեն։

Հին լեզվի մեջ, հատկացուցիչը կարող է դրվել և նախադաս և վերջադաս, բայց նոր լեզվի ընդհանուր կանոնն է, որ հատկացուցիչը լինի միշտ նախադաս։ Այն ժամանակ միայն կարելի է վերջադաս դնել, եթե հատկացուցիչը հարաբերյալ է, այսինքն մի որ, իսկույն հետևելով, այդ հատկացուցչին է հարաբերում. պատճառ, նոր լեզվի մեջ հարաբերյալի և հարաբերականի մեջ չկարողանալով ուրիշ բան մտնել, եթե հարաբերական ունեցող հատկացուցիչը սովորական կանոնին հետևելով դրվի հատկացուցյալին նախադաս, այն ժամանակ կորցնում է յուր հարաբերականը, որովհետև սորա ուժը հարաբերում է հատկացուցյալին, որ անմիջապես հարաբերականից առաջ է։ Պ. Պռոշյանցը հին լեզվի համաձայն, բայց նոր լեզվին հակառակ հատկացուցիչը դրել է մի տեղում վերջադաս. «այս է կարգը կանգնելոյ» (եր. 181 )։

Վխտալ.— кишеть.