հատկացուցիչ էլ չունենա։ Պ. Պռոշյանցը շատ է քշում այս ըստ-ը, ըստ ժամանակին ներգործությանց», գրում է նա, որ պարզ գրաբարի կանոնիցն էլ դուրս և ավելի միջակ և խրթին ոճերի համաձայն, հատկացուցիչը հատկացելուց նախընթաց։ Բայց սորանից էլ լավերը կան. «ըստ այլ և այլ ժամանակին հանգամանաց». «թե ըստ դիպաց, թե ըստ հանգամանաց և թե ըստ այլ և այլ իրողությանց». «ըստ պահանջման հանգամանաց վիպասանության»։ Ասես թե լուսահոգի Խապառաճին Կըկռիկյանի հետ է կռվում. «կը քննեն, կը քաշքշեն, կը կրկտեն ըստ զանազան խելաց և իդեայից»[1]։ Միշտ ներելի է հին լեզվից փոխ առնուլ, եթե նորում չկա այդ ձևը, կամ այդ բառը, բայց միշտ խնայելով և պետք եղածից ավելի չառնելով։ Մենք ասացինք որ ըստ-ը պիտի ստիպվենք ներս առնուլ, բայց գիտական առարկաների մեջ և այն ավելի կարճության և ճշտության համար. ապա թե ոչ ըստ-ը ինքն իրեն այն նախադրությանց կարգումն է, որ ժողովուրդը կորուցել է։
Մենք ամեն քայլափոխի մեջ տեսնում ենք հին ձևերի ազդեցությունը պ. Պռոշյանցի լեզվի վրա: «...Խորենացին... ախորժանոք[2] նվագ է հնչեցնում հասարակ ժողովրդյան հետ նրա բամբիռը» ։ Պարոններ, աստծու սիրուն, խնայեցեք ժողովրդին, իրավունք արեք նորան։ Նախ որ ոչ մի տեղ այդպիսի խոսակցություն չէ լսվում ժողովրդի մեջ, երկրորդ, պ. Պոոշյանցը գեղեցիկ և վսեմ ձևերի հետևելով (?) բուն իրը փախուցել է, կենդանի է աստված, որ մենք չենք հասկանում այստեղ մեջ բերված խոսքերը։ Խորենացու հնչեցուցածը նվա՞գն է, թե բամբիռը. եթե հնչեցուցածը նվագն է (ինչ ասել է նվագ հնչեցնել) ուրեմն հնչեցնել բայը հասել է իր դադարման կետին նվագի մեջ, այսինքն Խորենացու առարկան նվագն է կամ Չամչյանի խոսքերով «նվագն է խնդիր սեռի
- ↑ Թուղթ կաթուղիկեայց Խապառաճեան հօր՝ ընդդէմ Թոռնակայ Կրկոեկեան. տպեալ ի Փարիզ, յերեսներորդ եօթներորդ ամի բնակութեան հեղինակին ի նմին քաղաքի։
- ↑ օք վերջավորությամբ գործիականը միմիայն «ձեռք» բառը հոլովելի ժամանակ Նոր Նախիջևանի հին պառավները ասում էին «ձեոռքս դրի», բայդ այժմ իսպառ չէ լրսվում։ Առհասարակ այդ քաղաքի լեզուն մեծ փոփոխության է ենթարկվել, որոնց մի քանիսը մեր աչքի առջև կատարված: Սորանից 20 — 30 տարի առաջ շատ պառավներ կամ ծերունիք գործ էին ածում այնպիսի բառեր, որ բավական մոտավորություն ունեին հին լեզվին, օրինակ բերեմ բայի կատարյալի երրորդ դեմքում ասում էին ի բեր փոխանակ եբեր, նույնպես դնեմ-ի կատարյալը եդեր, փոխանակ եդ: Այսօր այս բոլորը անհետացել են. և Ղրիմից բերած թաթար բառերի պաշարի վրա ոչ միայն «օր ըստ օրե», այլ ժամ ըստ ժամե», եթե կարելի է այսպես ասել, ավելանում են ռուսի բառեր. այնպես որ սորանից հիսուն տարի ետքը, եթե այս աղճատանքի առաջը չառնվի, հարյուր բառի մեջ քսան հինգ բառ հայի չպիտի մնա, Ցավալի երևույթ: