Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծիքներ, այսինքն թե ինչպես չպիտի լիներ. ստույգ է, որ շատ պարոններ ուրիշ օրագիրները իրենց բացասական դատապարտության տակ ձգելուց հետո, երբ իրենք սկսեցին հրատարակել իրենց սեփական օրագիրը կամ թերթը, աչքի հայտնի կերպով ցույց տվին, որ ուրիշ օրագիրների վերաբերությամբ այսպես կամ այնպես պետք չէր, այս անօգուտ է, մյուսը զուր է և այլն և այլն խոսքերը, լոկ խոսքեր էին, խոսքեր, խոսքեր և էլի խոսքեր. պատճառ, իրենց հրատարակությունը այս պետք չեղած, կամ անօգուտ, կամ զուր բաները ավելի մեծ չափով և դրականապես վնասակար կերպով պաշտեց, քան թե երբևիցե ունեցած էին այն պարոնից դատապարտված օրագիրքը։

Այս խոսքերը ասելով չենք ակնարկում մի որպիսի և իցե պարոնի վրա, այլ մանավանդ այդպես շատերի վրա և թող չկարծվի թե նոցա կարծիքները ինչպես այժմ նույնպես և առաջ կշիռ ունեին մեր աչքում. չէ՛, առաջ էլ նայել էինք նոցա վրա որպես դատարկ հողմարածության վրա:

Որքան մեզ պատահել է լսել այսպիսի կարծիքներ, դոքա, մեծ մասով մեր Հյուսիսափայլի վրա էին, և մանավանդ ինձ էին ասվում այդ կարծիքները, որովհետև ես Հյուսիսափայլի հետ էի։ Այս պատճառով Հյուսիսափայլի հրատարակողի և իմ հանցանքները, որ լսում էի, գրում եմ այստեղ, որ հետո մի քանի խոսք ասեմ դոցա մասին։

Առաջին հանցանք. Հյուսիսափայլի լեզուն ծանր է, արվեստական է, անհասկանալի է։ Շատերն էլ որ իրենց բուն մայրենի լեզվի գիտության մեջ անհնարին խեղճ էին և հայ լեզվի ոգուն և տրամաբանության բնավ իսկ տեղեկություն չունեին և հայերեն խոսելու ժամանակ — ամաչում եմ ասել— ռուսերեն մտածելով, ռուսի բառերը, նախադասությունքը, և ռուս տրամաբանությամբ և ռուս բաղդասությամբ լոկ հայ ձայնով էին խոսում, այդպիսի սքանչելի պարոններն էլ իրենց չգիտությունը արդարացնելու համար, Հյուսիսափայլի լեզուն գերմանական բաղդասության և գերմանիկ տրամաբանության ստրկացած էին քարոզում, թեև այդ տեսակ պարոններից 99 հարյուրից գերմաներեն էլ չգիտեին. բայց ինչ անես, առածը ասում է. «լեզուն ոսկոր չունի», ուստի և նոքա էլ օգուտ քաղելով իրենց մարմնեղեն լեզվի ճկունությունից բլբլացնում էին այն, ինչ որ ուրիշից էին լսել կամ գեթ ինչևիցե մի բան ասելու համար, որ իրենք էլ բան հասկացող երևին. տաճկի ասածին պես. իշ օլսուն:

Երկրորդ հանցանք. Հյուսիսափայլը նյութերի ընտրություն չգիտե, շատ անգամ տպում է եվրոպական վեպեր, որ բնավ մեզ, մեր ազգին վերաբերություն չունին: Հյուսիսափայլը աստեղաբաշխության վրա է