Էր, մինչդեռ առանց չափի, առանց մի որոշյալ համակարգության, այսպես ասված. կենդանական- բնական ազդեցությամբ դրված կամ մայրենի լեզվի գիտության մեջ անհաստատ լինելով անկարգ, անկանոն աղճատաբանությունքը երբեք չեն կարող հասցնել նոր լեզվի մշակությունը դեպի նորա ցանկալի նպատակը։
Մեր ընդդիմախոսքը օրագիր հրատարակելով կամ գիրք թարգմանելով, երբեք ուշադիր չեն եղած լեզվի մշակության, որպես թե այդ կամ հարկավոր չէր, կամ թե կատարյալ լինելով մշակության կարոտ չէր: Ասացինք որպես թե, որովհետև իրողապես այդ բոլորը նոցա վերջին աստիճան մայրենի լեզվի մեջ խեղճության արդյունք էր. հայտնի է թե տալուց առաջ պիտի ունենալ. իսկ այն գրիչը, որ տակավին իր լեզվի ուղղագրությունը չգիտե, որ անխտիր եչի տեղ է, ռայի տեղ ռե և այլն գործ է ածում, այդպիսի պարոնից ինչ պահանջես։ Թող չկարծեն թե մենք չենք ուզում կամ ծուռ աչքով նայում ենք նոցա գրքին կամ օրագրին, քա՛վ. Մովսիսի հետ ենք ասում, ո՛տայր ինձ զամենայն Իսրայէլ ի մարգարես, բայց մարգարեք լինին մարգարեի նման. Բահաղի մարգարեների եղեռն էլ Կիսոնի հեղեղատում կատարեց։
Եթե Հյուսիսափայլը չէ կարողացել մայրենի լեզվի մշակությունը հասցնել իր մոտավորապես կատարելության աստիճանին, գոնե նա միշտ աշխատել է այդ խորհրդով։ Եվ ոչ ոք չէ կարող ասել, թե բոլորովին կորած է նորա աշխատությունը։ Հյուսիսափայլի գրիչքը Հյուսիսափայլի առաջին անգամ երևցած օրից ուշ դնելով մայրենի նորախոսության, միշտ չափի ու կշռի տակ առաջ տանելով սորան, գիտցել են, այո՛, չափել և կշռել ուրիշների գրչով առաջացած նորախոսությունն էլ և այս վերջինի քննությունը վաղուց ցույց է տվել մեզ, թե Հյուսիսափայլի նորախոսությունը ոչ միայն չէր կորած հավիտենական անդունդի մեջ, այլ նաև ազդեցություն էր անում մինչև անգամ այն մարդոց լեզվի վերա, որ գրիչ էին առնում միմիայն մեզ հայհոյելու։
Մենք նույն այդ հայհոյությանց մեջ, խեղճ հեղինակներից գաղտնի, ներս մտած մեր ձևերը և ոճերը տեսնում էինք միշտ և այդ բանը ըստիպում էր մեզ ավելի ողորմիլ այդ տեսակ հեղինակներին, որոնք մինչև անգամ մեզ հայհոյելու համար կարոտ էին Հյուսիսափայլի լեզվին։ Մենք թողում ենք այն անհաջող կապկությունները, որ մի քանի անարվեստ խեղճեր Հյուսիսափայլի այս կամ այն հատվածի բովանդակության նմանելու համար գործ դրին։ Տակավին երևում են < մի > քանի պարբերականք, որ Հյուսիսափայլում երևան ելած մակդիրքը պահում են