ուրա՜խ ենք, եթե այդ կերպով ևս օգուտ է բերում նոցա մեր բամբասված Հյուսիսափայլը:
Հյուսիսափայլի հրատարակությունը, թե լեզվի և թե բովանդակության կողմից գիտակցության արդյունք լինելով, երբեք մեր խիղճը չէ տանջել մեզ, երբեք չենք ցաված, երբ ցախավելով հավաքած իմաստակները հեռի հարգից Հյուսիսափայլը կրիտիքելու[1]— քննադատելու էին դուրս գալիս և աջ ու ձախ բրդում։ Մեր ամենամեծ ցանկությունը այն է միայն, որ մյուս օրագիրքը, հեղինակքը կամ թարգմանիչքը նույնպես գիտակից հաշվետվությամբ աշխատեին նոր լեզվի վրա և ոչ լոկ բնական ազդեցությամբ, այն ժամանակ, ոչ միայն ժամանակ կորցնելու չէին անխորհուրդ զեվզեկությամբ, այլ և օգտակար կլիներ նոցա աշխատությունը լեզվի մշակության․ մինչև այժմ նոքա լեզու չեն մշակած և նոր լեզուն ոչ համ է տեսել նոցանից և ոչ հոտ:
Եվ այս է մանավանդ պատճառը, որ Հյուսիսափայլը լեզվի կողմից այնքան բամբասանքների տակ էր ընկնում, որովհետև նորա մեջ կար համակարգություն, իսկ մեր ընդդիմախոսքը սիրող չէին համակարգության․ բայց մեր կարծիքը և սրտի հաստատ վկայությունը այսպես է, թե մի օրագիր երևելով մեր ազգի մեջ, պարտական է ոչ թե ձախ ու ծուռ թարգմանությունք, դարերով հետ մնացած գաղափարք և խավար ֆանատիկոսություն տալ նորան, այլ մշակել նորա լեզուն, գնալ ժամանակի հետ, փարատել կույր և մարդատյաց ֆանատիկոսության խավարը և դորա տեղ քարոզել սեր, խղճի ազատություն, մարդկային բանական արժանավորություն։
Ինչպես այժմ, առաջ էլ այս սկզբունքի տեր էինք, ուստի և զարմանք չէ, այլ շատ բնական, որ Հյուսիսափայլի մեջ երևում էին եվրոպական այլ և այլ լեզուներից թարգմանած աշխատությունք, որոնց մի լավ բաժինը հասնում էր ընտիր վեպերի։Բայց ինչպես առաջ էլ ասացինք, մեր ողորմելիքը ասում էին թե այդ վեպերը մեր ազգին վերաբերություն չունին: Մենք հավատացած ենք, որ ընտիր մի գրվածք, ազատ հայեցվածներով, ընտիր ճաշակով, գեղեցիկ բարոյականությամբ, ինչ լեզվից և թարգմանված լինի, այնուամենայնիվ մեծ և մեծ խորհուրդ ունի նորոգելու և կենդանացնելու թե ճաշակը, թե քաղաքային կամ ընկերական հարակցությունքը մի ազգի, որ միջնադարյան մշուշով պատած կամ ոչինչ չէ կարդում կամ թե ժողովածու և Պղնձե քաղաքի պատմությունը։
- ↑ Այս իրենց բառն է, և վերստին իրենց հետ տալու համար միայն գործ դրինք, ապա թե [ոչ] հայախոսության մեջ այսպիսի բայ տեղի չունի: