Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Կոստանդնուպոլսի մեջ հրատարակված Մեղուի մի քանի համարներում, որ գոն 220—221 և 222 (176-րդ համարը, որպես նաև 222-ի շարունակությունը դեռ չտեսանք) Ա. Պ. Ա. ստորագրությամբ մի պատվական աշխատություն տեսանք, որ անախտակիր ոգով, ազատ և լուսավոր հայացքով հանդես է հանել մեզ անծանոթ հեղինակը' ամերիկյան միսիոնարների չարաչար ընթացքը Տաճկաստանի մեջ, մեր խեղճ ազգին տված հարվածները և Քրիստոսի Ավետարանը իրենց ձեռքում խաբեբայության գործիք շինելը։ Ի՜նչ ամոթալի բաներ, որ հրապարակ է հանած այդ ոգելից աշխատության մեջ, դոքա տակավին հարյուրից մեկը չեն, ինչ որ հայտնի է լուսավոր մարդոց առհասարակ որսորդ միսիոնարների վերաբերությամբ, նոցա ասածների հարյուրերորդ մասը տակավին չէ ընկել գրչի տակ, բայց Հանիպալ փոռթա՜ս. հեռի չէ այն օրը, երբ հայ ազգության ոգին հաշիվ կպահանջե նոցանից լուսավոր աշխարհի առաջև։ Մենք հանգիսաբար հայտնում ենք արգո հեղինակին մեր առ ի սրտե շնորհակալությունը:

Բայց ցավում ենք, որ արգո Հեղինակը Թյուր ըմբռնողություն ունի բողոքական եկեղեցու բռնակալ դրությանց մասին։ Հեղինակը կարծում է, թե այդ բոլոր պախարակելի գործերը և հալածասեր ուղղությունքը Տաճկաստանի մեջ գտնված միսիոնարների, սոցա անհատական հատկություններից է բխում և թե բուն միսիան, այսինքն կառավարող ընկերությունը, աղատ է այդ դատապարտելի գործերից։

Մեղուի 223 համարում արգո հեղինակը հարցանելով, թե միսիոնարների վարմունքը ինկվիզիցիոնից ի՞նչ տարբերություն ունի, այսպես է պատասխանում. «Այո՛, կա մեկ մեծ տարբերություն մը աս երկու կարգի անձանց մեջ. Լոյոլայի գործավորները (ճիզվիթները) բուն