Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տար, թե կրոնի և Սահմանադրության ընդդեմ չէ գրելու, երբ, ոչ թե միայն այդ հոդով գրիչ շարժած չէր, այլ դորա հակառակ, ինչպես ասացինք, միշտ պաշտպանած էր և՛ կրոնը և՛ Սահմանադրությունը, և մինչև այն աստիճան, որ Սահմանադրությունը և հասարակաց ազգի անկողոպտելի իրավունքը պաշտպանելու համար արժանի եղավ վերոհիշյալ հացկատակների մատնությամբ Դուռը կանչվելու և հանդիմանվելու։

Մեղուն ի բնե անտի Սահմանադրության պաշտպան և Սահմանադրական վարչության ջատագով լինելով, չէր կարող երբեք ընդդեմ վարվիլ բուն Սահմանադրության, ապօրինի առաջարկված թղթեր ստորագրելով. «ազգային վարչության ըրածին կամ ընելիքին» վրա չգրելու պատվերը, Սահմանադրության ընդդեմ մի ձեռներեցություն էր, ուստի և Մեղուն իշխանություն ուներ ձեռագիր չտալ։

Բովանդակ աշխարհի երեսին եղած սահմանադրական կառավարությանց մեջ բացարձակ ույժը մեծագույն մասի ձեռքումն է. բայց գիտելի է, որ սահմանադրությանց մեջ մի այսպիսի իրավունք մեծագույն մասի ձեռքում է մի անփախչելի չար և ոչ դրական բարի. ենթադրվում է, թե մեծագույն մասն ավելի շուտով կարող է լինել ամբողջ ընկերության կամքի հայտարարը, քան թե փոքրագույն մասը։ Բայց պիտո չէ մոռանալ, որ բազմությունը Սահմանադրության տված իրավունքով հառաջ մղելով յուր կամքը, շատ անգամ ճնշում է փոքրագույն մասին ոչ միայն կամքը, այլ երբեմն և իրավունքը։

Ազգային Սահմանադրության մեջ հիմնական կանոն է մեծագույն մասը, բայց փոքրագույն մասը կամ թերևս լոկ մի երեսփոխան, լոկ մի անդամ այս կամ այն ժողովի, ունի՞ իրավունք, հրապարակ հանել յուր դատողությունը ընդդեմ մեծագույն մասի արած տնօրենության, թե՞ ոչ։

Խնդիրը այնտեղ չէ, թե ո՞ր կողմումն է ճշմարտությունը, այլ թե այդ միայնակ երեսփոխանը կարո՞ղ է հասարակության դատաստանին ներկայացնել յուր կարծիքը և մեծագույն մասին վճիռը, թե՞ ոչ։

Եթե բացասաբար պիտի պատասխանեն այս հարցմունքին, ապա ուրեմն թո՛ղ հրատարակեն, թե արդի Սահմանադրությունը ուրիշ բան չէ, եթե ոչ մեռած տառ իսկ եթե գո՛նե ամաչելուց պիտի խոստովանին, թե կա այդ ազատությունը, այն ժամանակ երկրորդ խնդիրն ենք հառաջ բերում։ Մի երեսփոխան, կամ մի անդամ ժողովից դուրս, յուր անձնական կարծիքի վերաբերությամբ, ո՞ր իրավունքով ավելի արտոնություն ունի քան թե անդամ և երեսփոխան չեղողը. եթե մեծագույն մասը մերժելով նորա կարծիքը, յուր կամքն է հառաջ տարել մի որոշյա