և Աստուծու բարկությունը իջեցնելուն համար։ Ո՞ր բանի պատուհասի համար, Տիրոջ ժողովրդից քսան և չորս հազար հոգի մե՛կ պատերազմում ընկան:Ամոնը չէ՞ր, որ, անխե՛լք խոսքերի համար, երկար ժամանակ ատելի դարձած լինելով իր եղբորը, սպանվեցավ նորա ձեռքով։Ուզո՞ւմ են դեռ Մովսեսի գրած պատմությունից և ուրիշ մարգարեներից լսել այդ բաների հակառակը. թող նայի՛ն և տեսնե՛ն առաջին հարց ապաշխարության ճանապարհը։ Աստուծու մա՛րդը—Ենո՛վքը—որ օրինավորապես ամուսնացա՛ծ էր, հաճո՛ գտնվեցավ Աստուծու և դեպի անմահական վիճակը փոխվեցավ։ Նո՛յը, շատ ժամանակ, մինչև հի՛նգ հարյուր տարի կուսություն պահելով և սորանից հետո որդեծնության համար սրբությամբ ամուսնանալով, այս աշխարհի երկրորդ հայրը դարձավ։ Ա՛յսպես և մարգարեների մեջ մեծը—Մովսե՛սը. ա՛յսպես էլ նորա պաշտոնյա և կուսությամբ պատված Հեսո՛ւն։ Իսկ այն զարմանալի մարդու—Եղիայի—գովությունը ո՛վ արդյոք բերնով կարող է պատմել, որ մարմնի մեջ եղած ժամանակ անմարմինների պես ապրելով, հրեղե՛ն կառքով դեպի հոգեղեն կյանքը վերացավ։ Իսկ եթե Քրիստոսի պարգևած Ավետարանից կամենան այսպիսի օրինակներ, ավելի խի՛ստ ևավելի զարհուրելի՛ բաներ կը գտնեն։ Փրկի՛չը, գործվածի մեղք լինելը բոլորովին մի կողմ թողած, լո՛կ ցանկության պատճառով նայե՛լը կատարված շնության հետ հավասարեց, ասելով, թե որ մեկը ցանկության պատճառով նայի կին մարդու վրա, արդե՛ն իր սրտի մեջ շնացավ նորա հետ:
Այլ հեթանոսաց վարդապետի քարոզությունն էլ սոցա վրա ավելցնելով թող լսե՛ն ու լռե՛ն լի՛րբ և անամո՛թ մարդիկը, որ ուրիշների բերնից իրենց կամքի ուզածն են խոսում և չե՛ն սոսկում Տարսոնացի Սերովբե Պավղոսից, այն մարդուց, որով Քրիստոսը խոսում էր աշխարհի հետ, որ Փրկչի չարչարանքների մնացո՛րդը իր նեղությամբ լցված մարմնի վրա՛ էր կրում: Ինչ որ սա՛, իր բոլոր թղթերում, պոռնիկների արքայություն չժառանգելու մասին դրեց, խի՛ստ շատ են, և այդ բոլորը մանրամասն գրել այստեղ շա՛տ աշխատություն եմ համարում և ավելո՛րդ. պա՛տճառ, հավատքի տեղյա՛կ մարդու հետ է խոսքս: Այլ այն քի՛չ խոսքերից, որ Կորնթացոց առաջին թղթումն է գրում- թե ինչի՞ բնավ պոռնկության անունը կա ձեր մեջ—մնացած ամենն էլ հասկավում է: Եվ Եփեսացո՛ց, թե «պոռնիկության և ամենայն պղծության, կամ ագահության անո՛ւնն էլ թող չլինի՛ ձեր մեջ»: Եվ իսկո՛ւյն, սորա քամակից, թե «ո՛վ որ պոռնի՛կ է, կամ պի՛ղծ, կամ ագա՛հ, որ է կռապաշտը ժառանգություն չունի՛ Քրիստոսի թագավորության մեջ: