Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փարպեցին, այս թղթի մեջ, առհասարակ շա՛տ է հետևում Պավղոսի ձևերին, ինչպես պիտի տեսնե կարդացողը։

§ 14. Բնագիրը. «Եւ ամենեցուն կղկղանք թէպէտև երևիցիմ». (եր-39)։ Դարձյալ Պավղոսի խոսքն է այս. «Եւ համարիմ կղկղանս». (Թ-Պաւղ. առ Փիլիպ. Գլ. Գ, համ. 8)։

§ 15. Բնագիրը. «Առն եղեալ որդի». (եր. 40)։

Մենք թեև թարգմանեցինք բառ առ բառ, բայց հայտնում ենք այստեղ, որ միտքը չենք հասկանում պարզապես, ուստի և բնագիրը պահեցինք, գուցե կարդացողը մեզանից ավելի հասկանա։

§ 16. Կորնթացոց հետ էր Պավղոսի բանը, որի վրա ակնարկում է Փարպեցին։ «Լա՛ւ էր եթէ ներէիք փոքր մի և իմում անզգամութեանս... մի՛ ոք համարեսցի զիս անզգամ․ ապա թէ ոչ, գո՛նէ իբրև զանզգամ ընկալարուք զիս»։ Թ. Պաւղ առ Կորնթ. երկր. Գլ. ԺԱ, համ. 1 և 16։

§17. Բնագիրը. «Զկեալ զիմ ’ի տղայութեանն՝ զայն Տէր իսկ ինքնին քաջ գիտէ». (եր. 40). և մի փոքր սորանից հետո. «Արդ զառաջին կելոյն իմոյ զվարս՝ Տէր Ներսէհ և Հրատ Կամսարական գիտեն»։ Այս խոսքերը հիշեցնում են մեզ Պաւղոսի Ագգրիպասին տված պատասխանը. «կենաց իմոց որ ’ի մանկութենէ ’ի սկզբանէ լեալ յազգի անդ իմում յԵրուսաղէմ, տեղեակ են» և այլն. Գործք Առաք. Գլ. ԻՀԷ, համ. 4։

§ 18. Այստեղ բնագրում այսպես է ասած. «Տարեալ զի՛ս ընդ վարդապետաց իմոց հրամանի ’ի Հոռոմ»... (եր. 40)։ Վաթսուն երկրորդ երեսում, Փարպեցին, խոսելով իր . սուրբ Գրոց տեղեկության մասին, ասում է դարձյալ, «իսկ մեր երանելի վարդապետքն, զամենայն զԿտակարանս եկեղեցւոյ երիցս և չորիցս ուսուցեալ մեզ», և այլն։ Ո՞րոնց վրա են այս ակնարկությունքը և վարդապետներ ասելով ո՞րոնց է ուզում մեզ հասկացնել, մենք հանձնառու չենք դրական պատասխան տալ այս բանին։

Առհասարակ, տարածված կարծիք է, թե Փարպեցին, թե՛և համարվում է, կամ իր Պատմության մեջ ինքն էլ ասում է իր համար․ «աշակերտ Աղանայ Արծրունւոյ», բայց և այնպես, որպես թե աշակերտված է նաև մեր Մեծ Թարգմանչաց-սուրբ Սահակին և սուրբ Մեսրոպին։

Թա՛փ տանք մի փոքր այս կարծիքը, որ, գո՛նե հինգ հարյուր տարի է, ամեն հեղինակ իր նախորդներից փոխ առնելով կրկնում է։

22-713