Կիրակոս Գանձակեցին խոսելով Մեծ Թարգմանչաց վրա ա՛յսպես է շարունակում. «Որոց վարդապետք և ուսուցիչք սուրբն Սահակ և Մեսրոպ, և գլխաւորք յաշակերտացն սուրբն Յովսէփ և Յովհան և Ղևոնգ և Սահակ և Մովսէս քերթողահայր և Մամբրէ վերծանող նորուն եղբայր, Եզնակ և Կորիւն, Սուրբն Եղիշէ, Դաւիթ փիլիսոփայ և Յովհաննէս, տէր Աբրահամ, Արձան, Մուշէ, Խոսրով, Ղազար և յետոյ Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոսս» և այլն. (եր. 17)։
Այստեղ տեսնում ենք մի Ղազարի անուն, բայց չենք կարող ասել թե Կիրակոսը Փարպեցուն է հասկանում Ղազար ասելով: Ստո՛ւյգ է, Կիրակոսը իր հառաջաբանի մեջ (եր. 4), խոսելով հայ պատմիչների վրա, տալիս է Ղազար Փարպեցու անունը, ճարտասան կոչելով նորան. բայց այնտեղ, Փարպեցին երևում է ոչ որպես աշակերտ Մեծ Թարգմանչաց, այլ որպես պատմիչ, և սորանով չէ փարատվում մութը աշակերտների կարգում հիշված Ղազարի վրայից, որովհետև նա կարող էր մի ա՛յլ Ղազար եղած լինել քան թե Փարպեցին, ինչպես և կա՛ր էլ մի ուրիշ մարդ Ղազարիկ կոչված, որ ամեն իրավունքով զգուշացնում է Հ. Մ. Չամչյանը չշփոթել Փարպեցու հետ։
Մեզ թվում է թե Փարպեցին Մեծ Թարգմանչաց աշակերտ կարծողքը օգնություն չեն ստանում Կիրակոսից։
Փոխանակ դորա, Վարդան պատմիչը, որ ժամանակակից և աշակերտակից է Կիրակոսին, որովհետև երկուքն էլ Վանական Վարդապետի աշակերտքն են, իր գրքի 51-րդ երեսում, ոչ միայն Մեծ Թարգմանչաց աշակերտ է ասում Փարպեցուն, այլ ուրիշների հետ նորա անունն էլ տալով և պատմագիր անվանելով շարունակում է. «Սոքօք հանդերձ (այսինքն աշակերտներով, որ մենք չենք հիշում այստեղ) թարգմանեցին (Մեծ Թարգմանիչքը) զամենայն մատեանս ՝ ի ստոյգ օրինակաց»:
Աստվածաշնչի թարգմանության մասին է խոսում, և որովհետև ասում է ՛ ի ստոյգ օրինակաց, ուրեմն, երկրորդ թարգմանության մասին։ Այս խոսքերին նայելով Փարպեցին 433 թվականներին գործակից է Ս. Գրքի թարգմանության. ուրեմն, այդ թվականներում ոչ միայն աշակերտված պրծած է նա Մեծ Թարգմանչաց, այլև Հունաստանից էլ վերադարձած, որովհետև թարգմանության գործակից լինելու համար պետք էր, որ նա հունարեն իմանար, և գիտենք, որ նա այդ լեզուն ուսավ Հունաստան:
Հայտնի է թե այս շատ աջողակ վկայություն է և մե՛ծ օգնություն այն մարդուն, որ անպատճառ ուզում է, որ Փարպեցին Մեծ Թարգմանչաց աշակերտ եղած լիներ։ Բայց պետք չէ մոռնալ, որ Խորենացին, Կորյունը