Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմերժելի է, ինչի չէ կարելի ասել, որ այդ կերպով և Հրահատը դարձել է Հրատ:

Ինչ որ մեզ է վերաբերվում, մենք այս վերջին կարծիքն ունինք այդ կրճատության մասին և չենք կարողանում ասել, թե ինքը Փարպեցին է կրճատել. և սոքա են մեր պատճառները:

Նախ, Ղազար Փարպեցին, իր Պատմության մեջ, միշտ Հրահատ է անվանում Արշավիր Կամսարականի երկրորդ որդուն և ո՛չ մեկ անգամ Հրատ:
Երկրորդ, Փարպեցին քա՛ջ ճանաչելով Կամսարականների հարգը, շա՛տ անգամ վայելած լինելով նոցա մարդասիրությունը, չէր կարող այն աստիճանի ծույլ լինել, չասենք անքաղաքավարի, որ մարզպանին գրած Թղթում, նորա ազգականի և իր բարեկամի և երևելի մարդու անունը կրճատեր: Այդ բանը իսպառ ընդդեմ է Փարպեցու բնավորության, որ Խուժիկին ծանրանում է Խուժիկ կոչել, որովհետև այդ մարդը հոգաբարձու էր եղել ս. Ղևոնդյանց մարմինները ձեռք բերելու. Փարպեցին նեղանում է, որ ոչ ոք հոգ չէ տարել Խուժիկի անունը իմանալու, որ ինքը նորա անո՛ւնր գրեր և ոչ Խուժիկ, որ անարգական անուն էր այն մարդու ազդի վերաբերությամբ: (Տե՛ս Փարպ. Պատմ. եր. 180)։ Թե առհասարակ ո՞ ր աստիճանի հարգությամբ և քաղաքավարությամբ է խոսում Փարպեցին մարզպանին հետ և Կամսարականների մասին, այդ ինքը կարդացողը կարող է տեսնել առանց մեր ասելու։
Երրորդ, մեր բոլոր պատմության մեջ, որքան մեզ հայտնի է չէ եղել երբեք մի մարդ, որ Հրատ անուն ունենար. և մենք մանավանդ կարծում ենք, թե Փարպեցին չէր կարող իր բարեկամի անունը այնպես կրճատել և մի այնպիսի անուն շինել, որ բնա՛վ չէր եղել հայերի մեջ։
Բայց պ. էմինը պնդում է, թե Փարպեցին է կրճատել այդ անունը, որովհետև չէ հերիքացել այս ծանոթությամբ, այլ իր հառաջաբանի մեջ (եր. 21) կրկի՛ն անգամ ծանոթաբանում է այս մասին. «Զանուն յետնոյո Ղազար ՝ի Թղթի իտում կրճատելով Հրատ կոչէ»:
Թող ներե մեզ պ. էմինը ասել, թե որպես մի՛շտ և հանապազ, նո՛ւյնպես, և մա՛նավանդ 1500 տարի առաջ պատահած պատմական անցքերի նաև մի ամենաչնչին հանգամանքի վրա ոչ ո՛ք իրավունք ունի առանց ապացուցի բերան բանալ: Մեր դատապարտածը Հրատ անունը չէ, այլ այն ուղղությունը, որ ապացույց չունեցող ենթադրությունը դնում է աշխարհի առջև, որպես աներկբայելի իրողություն։ Աղճատված ձեռագրի մեջ Հրատ տեսնելը բնա՛վ իրավունք չէ տալիս մեզ հաստատողապես 347