Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ Ավստրիայի մեջ, մեծապես ընծայեցնում ենք Մխիթարյանց որ կարդան և ուսանեն։ Լուսավորության և քաղաքակրթության անունով չէ արդարանում դարձյալ, որովհետև այդ բաները ոչ միայն կախում չունեն եկեղեցիների տարբերությունից այլ և բուն կրոնի իսկութենից, որ անհամեմատ գերազանց է քան թե կրոնականների քաշկռտուք վայրախոսությունը։ Թողնելով ուրիշ ամեն վկայությունք, հերիք համարում ենք ասել, որ կռապաշտ Աթենքը ավելի լուսավոր էր, ավելի առաքինի և ավելի քաղաքակրթված այն ժամանակ, երբ Աթենասի արձանը զրկված չէր յուր նիզակից, քան թե այժմ, մինչև նիզակի տեղ Սիքստոս հինգերորդի տված խաչն է բռնում յուր ձեռքում իմաստության աստվածուհին: Անտարակույս հին հասարակապետական Հռովմը, որովհետև հասարակապետության վերջերում ընկավ Հռովմը, կայսերական Հռովմի խոսքը բնավ չկա. որովհետև տարբերություն չուներ պապական Հռովմից, եթե թողունք դեռ Յուվենալը և Սավանարոլլան, Տակիտոսի և Ռանքեի պատմածների մեջ կան շատ նմանօրինակ բաներ։ Եթե Մխիթարյանք հասկանային ռուսերեն և ձեռք ձգեին Վիգինսկի պրոֆեսորի «Հռովմեական պապերը ԺԴ և ԺԵ դարերում» և այս բոլորը մասնավորապես ուսումնասիրեին, այն ժամանակ, թողած ուրիշ վկայությունքը, պիտի համաձայնեին որ կաթոլիկ Հռովմը ոչ ավելի էր և ոչ պակաս կայսերական կռապաշտ Հռովմից, թե՛ լուսավորության, քաղաքակրթության և թե՛ բարոյականության կողմից։

Տեսանում ենք ահա, որ կրոնը չէր հին Հռովմի լուսավորության և քաղաքակրթության շարժարանը, որպես նաև նոր Հռովմի խավարի և տգիտության պատճառը։ Եթե կռապաշտությունը և քրիստոնեությունը այսպես, ո՞ւր կմնա Քաղկեդոնի ժողովի ազդեցությունը։

Այս բոլոր պատճառներով, որպես առհասարակ կրոնական վեճերը և խռովությունքը նույն և մասնավորապես քաղկեդոնյան ժողովի անագանյալ քարոզությունը, մեր այս պողպատյա դարում, մենք հրատարակում ենք այլանդակագույն, խավար դարերի բոլոր այլանդակ գաղափարներից։

Տակավին երկու տող։

Մխիթարյանց պապական նախանձահուզությունը և անդատաստան եռանդը մինչև այն աստիճան պղտորել է նոցա տեսությունը և պաշարել մտքերը, որ հիշված ժամանակագրության ձեռագիր օրինակների մեջ չեն կարողացել, կամ թե չեն կամեցել ընտրություն առնել։ Բացի սորանից, անանուն Մխիթարյանը (թեպետ և գիտենք մենք այդ Մխիթարյանի անունը, բայց որովհետև ստորագրություն չկա, ուստի և իրավացի չենք