Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ևս ցույց տանք այն բանին, որ Մխիթարյանը տպագրությունը և լուսաբանությունը անշրջանկատ է։

Վարդանի պատմության եր. 72 կարգում ենք. «Եւ լուեալ զայս Աբդըլմելիք, հրամայէ Մահմէտի ելանել ի Հայս, որ էր զօրավար նորա. զոր լուեալ Սահակայ ի կապանսն՝ գրէ աղաչանս, զի հրամայեսցէ նմա Մահմէտ առ ինքն գնալ, որ և հասեալ ի Խառան և հիւանդացեալ, գրէ առ նա աղաչանօք թողուլ զոր արարեն ընդ նոսա Հայք. զոր ընթերցեալ Մահմէտ զգիրն Սահակայ, շիջոյց զբարկութիւնն իւր, և ոչ եկն չարությամբ յաշխարհս»։

Վերապատվելի կրոնավորը ծանոթաբանում է. «Հին օրինակն յաւելու. Ոմանք զՈկբայոմն ամիրապետ ասեն, որ չոգաւ առ նա Սահակա և գրեաց նամակ հաշտութեան և հանդերձ սուրբ մարմնով նորա առաքեաց յերկիրս»:

Մխիթարյանը, որ բոլորովին տարադեպ խնդիր է հանում հայոց տված հարկի մասին, միմիայն այն պատճառով, որ հասկացնե հայերին, թե ինքը տեղեկություն ունի արաբական ոսկիների մասին*, մեզ թվում է թե առավել խելացի եղած կլիներ, եթե փոխանակ դորա յուր տպագրած ձեռագիրը ընտրեր և այդ կերպով, ամեն ժամանակ, ուղիղը որպես ծանոթություն ուրիշ օրինակներից բերել չստիպվեր։

[1]

  1. Որչափ ցավում ենք, որ այս ծանոթությունը գրելու ժամանակ Վարդանի գիրքը չկար այլևս մեր ձեռքում։ Երկու օր սորանից հառաջ, բազմաթիվ բարեկամք, խառնագոչյուն աղաղակներով իմ վերա գալով, բռնի հափշտակեցին այդ գիրքը, որ տանին կարդան։ Արդյոք գրքի բրդգզված կտորները պիտի հետ ստանա՛մ, այդ մասին ևս տարակույս ունիմ. որովհետև նոցա տանելը սովորական տանելու նման չէր և մինչև սենյակիցս դուրս գնալը արդեն քանի մի անգամ խլեցին իրարու ձեռքից։ Բայց ծանոթության խորհուրդը կարող ենք լցնել։ Վարդանը մի տեղ խոսում է հայոց վճարած հարկի մասին, Մխիթարյանը յուր դրամագիտական ծանոթությունը գնելով և հազար տարի հառաջ վճարված դահեկանը այսօրվա ֆրանկի հաշվով գնահատելով ասում է, թե մի մեծ բան չէ եղել հայոց տված հարկը։ Ապրի՛ իմ ֆինանսիստը։ Արդարև, էկոնոմիստները շատ կուրախանան եթե տեսանեն և հասկանան այս հաշվարարությունը։ Ի՞նչ հարկավոր է մտածել այն պայմանների վերա, երբ վճարվում էր այդ հարկը, երբ ավելի ծանր էր վաստակել մի ոսկի քան թե այսօր հարյուր ոսկի, երբ այդպիսի հարկեր վճարելու համար ստիպվում էին «ընդ բոլոր աշխարհս (Հայոց) հինգերորդել հրամայէ զամենայն երամակս ձիոց և զանդեայս արջառոց և զհօտս ոչխարաց» (Հովհաննես կաթողիկոս երես 112 —13)։ Է՛հ. ի՛նչ խոսիս այդպիսիների հետ։ Մենք եթե կանոնավոր կերպով և համակարգաբար քննելու լինեինք Մխիթարյանի գրածները պիտի ստիպվեինք երկու երեք անգամ ավելի շատ գրել քան թե նորա գրածը, կարժե՛ր այդպիսի աշխատություն, մի միայն գիտության արտաքին կճեպին քսված մարդերին պատասխան տալը։