Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիր երկեր» (1953)։ Նալբանդյանի ծննդյան 125-ամյակի առթիվ «Երկու տողը» տպագրվել է առանձին գրքույկով, իսկ ծննդյան 150-ամյակի օրերին (1979) մտել է «Երկեր» (խմբ. Ս. Ավետիսյան, առաջաբանը U. Դաբոնյանի), «Հրապարակախոսական երկեր» (խմբագրությունը, առաջաբանը և մատենագիտական տեղեկանքները Մ. Մխիթարյանի) ժողովածուների մեջ։

Նալբանդյանի «Երկու տողը» հայ հեղափոխական-դեմոկրատական հրապարակախոսության լավագույն էջերից է։ Պամֆլետը արտացոլում է Հ. Սվաճյանի «Մեղուի» շուրջը համախմբված հայ առաջադեմ մտավորականության գաղափարական սուր պայքարը կղերական և ամիրայական խավերի պահպանողական մտայնության դեմ։

Հայերը, ինչպես նաև հույները և Հարավսլավոնական ժողովուրդները (բուլղարները, սերբերը և ուրիշներ) գտնվում էին սուլթանական Թուրքիայի ծանր լծի տակ։ 1860 թվականին հրապարակված «Սահմանադրությունը» թեև ինչ-որ չափով կանոնավորում էր հայ համայնքի կառավարման գործը, սակայն, ըստ էության, չէր փոխում նրա աղետալի վիճակը։ «Մեղուում» տպագրված «Հրաշափառ խայտառակություն» (1860, դեկտեմբերի 10, № 118) և «Նամակ Մեղուի խմբագրին» (1860, դեկտեմբերի 20, № 119) հոդվածներում Նալբանդյանը բացահայտում է Հովհ. Չամուռճյանի «Երևակ» ամսագրի շուրջ խմբավորված կղերաամիրայական շրջանների խարդավանքները և կոչ անում չենթարկվել սահմանադրական պատրանքներին ու շարունակել պայքարը հանուն դեմոկրատական իրավունքների արմատական բարելավման։

Արևմտահայության աղետալի վիճակի մասին Նալբանդյանը հաղորդում է ռուսական դեսպան Ա. Բ. Լորանով-Ռոստովսկուն, նրան ներկայացնելով «Պոլսահայ լուսավորչական համայնքը» զեկուցագիրը (մանրամասն տե՛ս սույն հրատարակության III հատորում), ուր սուր քննադատության ենթարկելով կիսատ-պռատ «Սահմանադրությունը», նա շեշտում է, որ հայերը «զրկված են արտաքին ամեն մի պաշտպանությունից» և թողնված են «թուրք փաշաների» ու Բ. դռան «կամայականությանը», որոնք կոպիտ կերպով միջամտում են հայերի եկեղեցական գործերին, մասնավորապես պատրիարքների ընտրությանը (հ. III, էշ 320)։

Ազգային ինքնուրույնության ճնշման պայմաններում, հայ եկեղեցու անկախության համար մղվող պայքարը առաջադիմական երևույթ էր։ Այդ իսկ պատճառով Նալբանդյանը պաշտպանում էր այդ շարժումը, իր քննադատության սայրը ուղղելով սուլթանական կառավարության հետ համագործակցող հետադիմական հոգևորականության դեմ։

Ձգտելով դեմոկրատական շարժմանը հաղորդել ավելի կազմակերպված բնույթ, Նալբանդյանը և Սվաճյանը Կոստանդնուպոլսում հիմնում են «Երիտասարդաց ընկերությունը», որն իր առջև նպատակ էր դնում հայերի ազգային-ազատագրական պայքարը միաձուլելու Օսմանյան կայսրության և Արևմտյան Եվրոպայի ճնշված ժողովուրդների, ինչպես նաև ցարական Ռուսաստանի ժողովուրդների ազատագրական շարժումներին։

Նալբանդյանը և Սվաճյանը գտնում էին, որ հայերի վրդովմունքը թուրքական իշխանությունների և սեփական հարստահարիչների կամայականությունների նկատմամբ հասել է մի այնպիսի աստիճանի, երբ արդեն հնարավոր են բողոքի բացահայտ ելույթներն ու վճռական գործողությունները։

Նալբանդյանի և Սվաճյանի գործունեությունը առիթ տվեց հետադիմական շրջանների, մասնավորապես Հովհ. Չամուռճյանի և նրա համախոհների կատաղի հարձակումներին, որոնք բոլոր միջոցներով աշխատում էին խլացնել «երիտասարդաց»