Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջին քառատողի հետ, որը նա ընտրել է որպես բնաբան «Երկու տողի» համար։

«Երկու տողում» Նալբանդյանը, ըստ էության, դնում է զինված ապստամբության կազմակերպման հարցը։ «Շատ ազգեր պատահեցան անբախտության, — գրում է նա,— բայց այդ չեղավ նոցա համար հավիտենական մեռելություն— Աքսորվեցան, կախվեցան, զլխատվեցան և այրվեցան, բայց նոցա հոգին կենդանի մնաց, յուրյանը ամայացած հայրենիքի փլատակների մեջ։ — Հայրենիքի օդը, սարերը և անտառները, խոր գիշերի լռության մեջ, դարերով շշնջեցին այդ նահատակների վերջին րոպեում արած բողոքների արձագանքը... Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչև մի ժամանակ, իսկ երբ մինչև բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետև նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները»։

Հայ առաջավոր մամուլը և առաջին հերթին Սվաճյանի «Մեղուն» ողջունեցին Նալբանդյանի բրոշյուրի երևան գալը: Իր «Միքայել Նալբանդյանց. Երկու տող» հոդվածում (1861, № 132) Հ. Սվաճյանը պաշտպանում էր Նալբանդյանին, հաստատելով Հովհաննես Չամուռճյանի և հատկապես Գ. Այվազովսկու գործունեությունը մերկացնող նրա փաստարկները։ Ինչպես և պետք էր սպասել, հետադիմական մամուլը մոլեգնեց Նալբանդյանի «Երկու տողի» տպագրության առթիվ։ Հովհաննես Չամուռճյանը մեղադրեց «Մեղուի» խմբագրին, թե նա զբաղվում է Նալբանդյանի բրոշյուրի տարածման պրոպագանդայով «ստակը հեղինակին մոլորությանը իր պարբերականին մեջ տարածելու գործակցեց» («Երևակ», 1862, № 123)։ «Արևելյան դար» թերթը առաջարկեց «Երկու տողը» հանձնել Պոլսի կրոնական գերագույն ժողովին և էջմիածնի Սինոդի «օրինավոր» դատաստանին», հայտարարելով նրա հեղինակին «հերետիկոս» («Արևելյան դար», 1861, № 24)։

Եվ կարծես թե նախատեսելով իր գաղափարական հակառակորդների չարախնդումները, Նալրանդյանը «Երկու տողում» ասում է, «...Այդ հարձակմունքը, թերևս շատ անգամ մեր անձին վերա, փոխանակ մեր գաղափարների, ոչ երբեք կարողացան, և ոչ նաև մի մազի չափ, խոտորեցնել մեզ մեր ուխտյալ ճանապարհից»։

Էջ 8, տ. 4. Բնաբանը վերցված է Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունից, որը տպագրվել է «Հյուսիսափայլի» 1859 թվականի իններորդ (սեպտեմբերի) ամսատետրակում լույս ընծայված «Հիշատակարան Կոմս էմմանուելի օրագրական թերթերից» հատվածում.

էջ 9, տ. 17. «Այսօր, վերստին նանդեպ է ելնում մեզ խավարտգիտությունը... Այս անգամ երևում է նա պարոն Չամուռճյանի կերպարանքով...»—Հովհաննես Տեր-Կարապետյան- Չամուռճյան (1801 — 1888), եկեղեցական գործիչ, հրապարակախոս, աստվածաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Տիրապետում էր եվրոպական և արևելյան բազմաթիվ լեզուների՝ թուրքերեն, իտալերեն, ֆրանսերեն, հին հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն։ Նրա ինքնուրույն և թարգմանական գործերի թիվը հասնում էր 150—200-ի, որոնց թվում 30 հատորից բաղկացած «Եկեղեցական պատմությունը», 3 հատորանոց «Պատմություն Երուսաղեմին»:

1829 թվականին ֆրանսերենից հայերեն է թարգմանել Ժան Ժակ Ռուսսոյի «Սկզբունք քաղաքական իրավունքի» և Մոնտեսքիոյի «Մեծություն և անկումն Հռոմայեցվոց» գրքերը, իտալերենից աշխարհաբար թարգմանել է «Ռեստենի բժշկարանների» 6 հատորները և այլն։