Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սիստեմի հակասությունները Նալբանդյանը ցույց է տալիս հենց Հյուսիսի և Հարավի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմում Անգլիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև եղած հակասության փաստով: Եվ պետք է ասել որ այդ իրադարձությունների գնահատման հարցում նա կանգնած է եղել իր ժամանակի առաջադեմ մտածողների՝ Մարքսի, Չեռնիչևսկու, Գերցենի և մյուսների դիրքերում: Ստրկության քննադատությամբ է սկսում Նալբանդյանն իր գիրքը:

Բազմաթիվ երկրների տնտեսության քննության արդյունքներից ելնելով, Նալբանդյանը հանգում է գյուղացիական դեմոկրատական հանրապետություն ստեղծելու գաղափարին: Սակայն նա չկարողացավ կռահել որ գյուղացիական հեղափոխությունը չի վերացնի կապիտալիզմը, այլ, ինչպես ասում էր Վ. Ի. Լենինը, ավելի լայն հնարավորություններ կստեղծի նրա զարգացման համար, կարագացնի և կորի կապիտալիստական զարգացումը, որ գյուղացիական ապստամրության հաղթանակը կլինի միայն հենարան բուրժուական դեմոկրատական հանրապետության համար, որտեղ իր ամբողջ սրությամբ կծավալվի պրոլետարիատի պայքարը ընդդեմ բուրժուազիայի: Ռուսաստանի ժողովուրդների սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում Նալբադյանը չկարողացավ և չէր կարող գիտակցել պրոլետարիատի պատմական դերը, որը դաշնակցած աշխատավոր գյուղացիության հետ կկարողանա վճռել «մարդու և հացի» կարևորագույն խնդիրը:

Աշխարհայացքային այս սահմանափակությամբ հանդերձ՝ կապիտալիզմի նրա քննադատությունը միանգամայն առաջադիմական էր: Հայ հեղափոխականը խորապես հավատում էր աշխարհի նորոգությանը և արտահայտում այն հաստատուն համոզմունքը, որ գաղութային ժողովուրդները կփշրեն ստրկության դարավոր շղթաները և կկանգնեն ազատության և իսկական քաղաքակրթության ուղու վրա. «Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, և ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը... Ասիո ապագան... մեծ է... լայն է...»:

Նալբանդյանը հատկապես նշում է ռուսական հեղափոխության նշանակությունը ոչ միայն «փոքր» ժողովուրդների, այլև աշխարհի ժողովուրդների ազատագրության գործում, մարգարեաբար հայտարարելով, որ «Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկային ազատության վերաբերությամբ մե՛ծ խորհուրդ ունի...»,

«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհը» ոչ միայն հայկական դեմոկրատական հասարակական մտքի նշանավոր ստեղծագործությունն է, այլև սքանչելի գրական հուշարձան, որտեղ հզոր ուժով հանդես է գալիս Նալբանդյանի հրապարակախոսական տաղանդը։

Նալբանդյան-հրապարակախոսի ոճի առանձնահատկությունը հրապարակախոսության և գեղարվեստականության համադրության մեջ է: Այս առանձնահատկությունը առկա է նաև «Երկրագործության» մեջ: Գիրքը նախատեսված է եղել լայն մասսաների համար: Դրանով է հենց պայմանավորված շարադրանքի ոճը: Պատկերավոր խոսքը, պարզությունը և լեզվի մատչելիությունը հնարավոր էին դարձնում ընթերցողին հասցնել հեղինակի բարդ սոցիալքաղաքական հայացքները, իսկ կրքոտ բանավիճային ձևը և զայրույթով լի մերկացնող պաթոսը գրքին հաղորդում էին համոզելու և հուզական ներգործության հսկայական ուժ: «Երկրագործության» մեջ Նալբանդյանը դիմել է իր ոճին յուրահատուկ ձևերի։ Այսպես, Տվերի ազնվականների դիմումի տեքստը և դրան կցած ծանոթագրությունները, որոնք արտատպվել էին «Կոլոկոլից», ներկայացված են որպես «նամակ», իբր թե գրված գրքի հեղինակին: Գրական այս ձևին Նալբանդյանը բազմիցս դիմել է իր «Հիշատակարանում»: Նրան անհրաժեշտ էր մի ինչ-որ ձևով առանձնացնել