— Ինչպես թե չկա։
— Շատ հասարակ կերպով։ Ես և դու հավասար իրավունք ունինք, իբրև հայրենիքի հավասար որդիք, այնպես չէ՞։
— Այո՛, ամենևին այդպես։
— Ուրեմն արդարություն չկա։ Ես և դուք պիտի համաձայնիք, որ կա՛մ հավասարություն չկա, կա՛մ արդարություն, որ իրավունք առնե մեր հավասարության իրականապես, քանի որ հավասարությունը, իբրև լոկ խոսք, հնչում է միայն օդի մեջ և քանի որ իրական անհավասարության հետևանքը շինում է ինձ ազատ-ստրուկ։
—Չեմ հասկանում։
— Կհասկանաս, և այս րոպեիս։ Ո՛րքան հող ունիս դու։
— Հարյուր հազար քառակուսի գազ...
— Ե՞ս որչափ ունիմ։
— Չդիտե՞ս որ չունիս։
— Հըմ. դու հայրենիքի որդի՞ ես։
— Այո'
— Ե՞ս։
— Նույնպես։
— Հայրենիքի բարիքը և ծանրությունը հավասարաչա՞փ պատկանում են մեզ։
— Այո՛։
— Ուրեմն, ի՞նչպես հավասարություն է այս. դու ունիս այսչափ հող, իսկ ես ոչինչ, քո բաժին միայնակ վայելում ես հայրենիքի բարին, իսկ ես քո հավասար կրում եմ միայն ծանրությունը։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, մեք մի հայրենիքի որդիք ենք, եղբայր ենք։ Ինչպես քեզ հարկավոր է ապրուստ, նույնպես և ինձ, ինչպես դու կրում ես հայրենիքի բեռը, նույնպես կրում եմ ես։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, այն ժամանակ ես չեմ աշխատելու բռնի. ես կզգամ ինձ ազատ, մեր իրավունքները կհավասարվին, և ճշգրիտ եղբայրությունը երևան կելնե։
— Հողը սեփականությունս է․․․
Խոսքը բերանը մնաց։ Այն կողմից կտրիճի մինը, երկաթի տրամաբանությամբ, հարվածը իջեցուց նորա գլխին:
— Սեփականությունը դողությո՛ւն է. ասաց նա այրական ծանրությամբ և կանգնեցավ։
Սեփականությունը այն բանի, որ, առանց մեր աշխատության, բնությունը դնում է մեր առջև, գողություն է, ավազակություն և հափշտակություն, եթե մինը առնու հարյուրավոր, հազարավոր, իսկ մյուսը