Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փոխանակ երկար ժամանակ տքնելու բանտում, Անգլիայի քաղաքացին հնարավորություն էր ստանում արագ կերպով ենթարկվելու արդար դատաստանի, կամ ազատ արձակվելու։

Էջ 141, տ. 3. «Մի քանի թերությունք, և վնասակար զրությունք, ինչպես և անդրանկական համակարգությունը…» — Անդրանիկական համակարգությունը կամ մայորատը ժառանգության այն ձևն է, համաձայն որի հողը առանց մասնատվելու անցնում Է ավագ որդուն, կամ ընտանիքի, ցեղի կենդանի մնացած ավագին։ Միջնադարում այն հանդիսանում էր հողային սեփականության պահպանման միջոց։ XVIII դարի վերջերին և XIX դարի սկզրներին ֆեոդալական օրենքների վերացման հետ այդ իրավունքը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալուց։ Մայորատը պահպանվում էր միայն Անգլիայում, որպես անշարժ գույքի ժառանգության հաստատուն և անփոփոխ օրենք:

էջ 141, տ. 25. «մնում է մեջտեղը որպես միակ բարերար ելք հասարակական սկզբունքը (общинное начало) որ կա Ռուսիո մեջ»—Հասարակական սկզբունքի (общинное начало,) կամ այլ խոսքով, ռուսական համայնքի՝ որպես հասարակության սոցիալիստական կառուցման հնարավոր սաղմի՝ ուտոպիստական գաղափարը Չեոնիշևսկին զարգացրեց մի շարք հոդվածներում «(Studien) բարոն Հակստհաուզենի «Ուսումնասիրություն Ռուսաստանի ժողովրդական կյանքի ներքին հարաբերությունների և առանձնապես զեմստվոյական հիմնարկությունների վերաբերյալ» (Սովրեմեննիկ, 1857 սեպտեմրեր-հոկտեմբեր), «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատությունն (Սովրեմեննիկ, 1858, դեկտեմբեր): «Տնտեսագիտական գործունեություն և օրենսդրություն» (Սովրեմեննիկ, 1859, փետրվար), «Տրամաբանության նախապաշարումներն ու օրենքները» (Սովրեմեննիկ, 1859, հոկտեմբեր)։ Դրանցից նշանավոր է մանավանդ «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածը, որտեղ հեղինակը ցույց է տալիս իր հակառակորդների տեսակետների փիլիսոփայական հիմունքների սնանկությունը։ Այս գործում Չեռնիշևսկին ձգտում էր ապացուցել, որ հասարակության զարգացումը տանում է դեպի ոչ միայն հողի, այլև ընդհանրապես արտադրության միջոցների համայնականացում։ «Հեգելը և նորա ժամանակը» գրելիս Նալբանդյանը ձեռքի տակ է ունեցել «Սովրեմեննիկի» 1858 թվականի դեկտեմբերի համարը, որտեղ տպագրված է Չեռնիշևկու «Փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն» հոդվածը:

էջ 141, տ. 25. «...բայց ով գիտե թե երբ կարող են զարթնել Անգլոի և Ֆրանսիո գրակխոսները» — Նկատի ունի Հին Հռոմի քաղաքական գործիչներ Տիբերիոս և Գայոս Գրակքոս եղբայրներին (162—133, 153—121 մեր թվարկուտյւնից առաջ)։ Տիբերիոսը 133 թվականին, ընտրվելով ժողովրդական տրիբուն, առաջարկում է մի օրինագիծ, որով սահմանափակվում Է պետական հողի օգտագործումը՝ մինչև 300 հեկտար ամեն մի ընտանիքին (ager pub- licus): Ավելորդ հողերը վերցվում էին պետության կողմից և ոչ մեծ հողաբաժիններով (մոտ. 9 հեկտար), վաճառվում չունևոր քաղաքացիներին առանց վերավաճառելու իրավունքի։ Այս օրինագիծը հանդիպեց խոշոր հողատերերի և սենատի դիմադրությանը և Տիբերիոսը զոհ դարձավ դավադրության։

Նրա եղբայր Գայոսը 123 թվականին դառնալով ժողովրդական տրիբուն, վերականգնում է Տիբերիոսի ագրարային օրինագիծը։ Դեմոկրատական ռեֆորմի իրականացմամբ Գրակքոս եղբայրները առաջին հերթին աշխատում էին կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայման պրոցեսը։ Ագրարային ռեֆորմի կիրառումով մոտավորապես 88 հազար քաղաքացիներ հողաբաժիններ ստացան։