մոտ 15 տպագրական թերթ է in 8՞, բայց հազիվ կազմի ներածության կեսը և քերականության քառորդը։ Ծանոթագրություններ դեռ բնավ չեմ գրել, որովհետև ձեռքիս տակ գրքեր չունեմ, իսկ այդ բոլորը դուրս գրելն անհարմար է և տաղտկալի։ Այն էլ պիտի ասել, որ քերականության վերլուծական մասը սկսած էլ չի կարելի այստեղ մշակել առանց նյութերի... եթե միայն երբևիցե հաջողվի ինձ գլուխ բերել որոշած ծրագիրը, այս ամբողջ աշխատությունը 30— 35 տպագրական թերթից in 8°, պակաս չի լինի..., (ԵԼժ, հ. IV, էջ 220):
Անհրաժեշտ նյութերի սուր պակասության հետևանքով (չենք խոսում արդեն մյուս հանգամանքների մասին) Նալբանդյանը ստիպված է լինում որոշ չափով փոփոխել սկզբնական նախագծումները և սկսել «Աշխարհաբարի քերականությունից»։ 1863 թվականի ապրիլի 12-ին եղբորը հղած նամակում նա գրում է. է...«Քանի դեռ մեզանում չկա քաղաքացիական լեզվի թեկուզ մոտավոր քերականությունը, ճշգրիտի մասին մտածելու անգամ դեռևս անկարելի է. քանի դեռ այդ քերականությունը ուսուցիչների և աշակերտների ձեռքին չի լինի, նոր լեզվի գրականությունը ոչ մի առաջադիմություն չի ունենա»։ Երկու ամիս անց, Նալբանդյանը 1863 թվականի հունիսի 6-ին եղբորը գրած նամակում արդեն ավելի որոշակիորեն է խոսում «Աշխարհաբարի քերականության» վրա տարվող աշխատանքների մասին, «Դա կարելի է հրատարակել նաև առանձին, իբրև 8—10 թերթանոց գրքույկ, թեև առաջին հրատարակությունը լույս կտեսնի միանգամից, այսինքն, ներածություն, վերլուծական մասը և դրական քերականությունը»։ Եվ, ինչպես երևում է այդ նույն նամակից, Նալբանդյանը սկսել էր ներածությունից—ընդհանուր տեսական մասից, որին նա մեծ նշանակություն էր տալիս։ Հենց այդ ներածությունից էլ մեզ են հասել որոշ պատառիկներ և Երվանդ Շահազիղը դրանք, իրավացիորեն, հրատարակել է «Աշխարհաբարի քերականության» ներածությունից» վերնագրով։ Ներածության բովանդակությունից արդեն երևում է, որ այն նվիրված է եղել աշխարհաբարի քաղաքացիության իրավունքը հիմնավորելուն, մի բան, որ հուզել է Նալբանդյանին իր ամբողջ գրական-հասարակական գործունեության ընթացքում:
Միքայել Նալբանդյանը իր այս գործն ստեղծելիս աշխատել է մեծ ոգևորությամբ։ Հայերեն գրքերի հետ միաժամանակ նրան հետաքրքրել են նաև ռուսերեն հրատարակությունները։ 1864 թվականի հունիսի 17-ին եղբորը գրած նամակում Նալբանդյանը խնդրում է իրեն ուղարկել էլոկվենցիայի (ճարտասանության) տեսության վերաբերյալ Վ. Կ. Տրետյակովսկոլ աշխատությունները։
Նալբանդյանի անձնական գրադարանում պահվում են մի շարք ռուսական լեզվաբանական աշխատություններ, որոնց թվում Ն. Գրեչի «Ռուսերեն քերականության սկզբնական օրենքները» (СПб., 1837), որի արժանիքները իր ժամանակին նշել է Բելինսկին, Վ. Նովակովսկու «Ռուս լեզվի ստուգաբանության դասընթացը» (СПб., 1858), որի աշխատությունները հայտնի էին մանկավարժական շրջաններում, գրախոսվում էին «Սովրեմեննիկում», հատկապես Դոբրոլյուբովի կողմից, քառահատոր ակադեմիական «Եկեղեցա-սլավոնական և ռուսերեն լեզուների բառարանը» (СПб., 1847), Ա. Կուբարյովի «Լատիներենի շարահյուսություն»-ը (СПб., 1837) և այլն։
Կան ենթադրություններ, որ Նալբանդյանը ծանոթ էր նաև Մ. Լոմոնոսովի «Ռուսերեն քերականության» հետ, որի հոբելյանական հրատարակությունը լույս էր ընծայվել 1855 թ., երբ Նալբանդյանը սովորում էր Մոսկվայի համալսարանում (տե՛ս X. Саркисян, Микаэл Налбандян и вопросы языка», Е„ 1955, страница 177—186): Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ էր նաև Բելինսկու «Ռուսերենի քերականության