ամենևին ոչինչ։ Այլ խնդիր է աշխատությամբ ձեռք բերված այն բանը, որ բնությունը չէ պահում յուր գոգում, որ բնությունը չէ պատրաստում, անմիջապես, որ մարդը արվեստական ճանապարհով է պատրաստել, և ի վերջո, որի արժեքը պայմանական է, մի խոսքով դրամը, որ մարդը վաստակել է։ Բայց հողը նա չէ վաստկել, հողը նա չի շինել, հողը բնությանն է։
— Պարոն, չափդ ճանչցիր, ես գող չեմ, ես հողը չեմ հափշտակել, ես ձրի չեմ առել, դրամով է դնել իմ հայրս, իմ պապս։
— Ինձ ի՛նչ փույթ։ Բռնակալությունը, որ նույն է թե ավազակություն, վաճառել է քեզ հասարակաց ազգի սեփականությունը։ Ոչ նա իրավունք ուներ վաճառելու և ոչ դու իրավունք ունեիր գնելու. նա՛ գող է և դու գողակից, որովհետև երկրագունդը անհատի սեփականություն չէ, նորա վերա ապրում են և պիտի ապրին բոլոր նորա որդիքը անխտիր։
— Բայց, եթե ես իմ հողը կիսեմ քո հետ, ես կքանդվիմ, ես մինչ ցարդ ապրում եմ նորանով. ի նչ կլինի հետո իմ ժառանգների և իմ սե¬ րունդի վիճակը, երբ իմ հողի քանակությունը փոքրացրել էի։
— Դու մտածում ես քո ապրուստի համար, աչքիդ առջև ունիս քո ժառանգների և քո սերունդի ապագան, իսկ ես, որ ոչինչ ունիմ, ինձ ապրուստ պետք չէ՞. իմ ժառանգները և իմ սերունդը, որ ինձանից հետո ոչինչ ստանալու չեն ինձանից, ապրելու չե՞ն։ Բայց դու կքանդվիս, այսինքն, քո ավելորդը կչափավորվի, որի հաշվով իմ պակասորդը կլցվի, սակայն մի՛ մոռնար, որ քո ցեղը մինչ ցարդ վայելել է այդ հողը, իսկ իմ ցեղը միշտ զուրկ է մնացել նորանից։ Այսօր դու կքանդվիս, բայց վաղը մեր երկուքի սերունդը կհավասարվին. այսօր քո կարողությունը կչափավորվի, բայց, դորա փոխանակ, իմ ամբողջ սերունդը չէ պիտո այլևս մահու և կյանքի մեջ տատանի, մի ոտնաչափ հող չունենալով։
Մարդը հառաջացավ մինչև այստեղ և կարծում էիր, թե ահա շոշափում է նա յուրյան հարկավոր առարկան... Կստանա նորան... Բայց չէ. ստանալը այնպես դյուրին չէ, որովհետև մարդը դեռևս տղա է։ Գայթակղեցավ նա այս գայթակղության քարի վերա և, դեպի ձախ, շրջան հառաջ, ծռեց պատմությունը յուր ուղիղ ճանապարհից։
Ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը յուրյանց հիշատակը թողեցին միքանի ոսկիների վերա. պատերի վերայի կարմիր գրերը դատապարտվեցան մնալ մի սպիտակ ներկի տակ։
— Կեցցե՛ մահ։
Այս էր վերջին խոսքը, որ լսվեցավ։ Եվ խեղճ մարդը, վարատական