Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնայուն արժեքները վերհանելու, նրա գիտակցությունը նախապաշարմունքներից և հետամնաց հայացքներից ազատագրելու մեջ: Եվ ահա հենց այս իմաստով նա քննադատում էր նահապետական կարգերը իդեալականացնելու Պռոշյանի միտումը, որը իրեն զգացնել էր տալիս վեպի որոշ դրվագներում: Դրանով են բացատրվում նաև բնական գիտությունների վերաբերյալ կատարված զեղումները, որոնց օգնությամբ լուսավորիչ-դեմոկրատը մատերիալիստական դիրքերից հերքում էր ժողովրդի մեջ գոյություն ունեցող սնոտիապաշտությունն ու նախապաշարումները:

Սովետական տարիներին «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» հոդվածը տպագրվել է մի շարք անգամներ։ Այն լույս է ընծայվել առանձին հրատարակությամբ (1940, ծանոթագրություններ Հ. Մկրտչյանի), մտել է Նալբանդյանի երկերի առաջին լրիվ ժողովածուի III հատորի մեջ (1940, ծանոթագրություններ Հ. Մկրտչյանի), հրատարակվել է Պռոշյանի վեպի հետ միասին (1953, վերջաբան Ա. Ինճիկյանի), զետեղվել է Մ. Նալբանդյանի միհատորյակում (1953, ծանոթագրություններ Հ. Մելիքյանի և Գ. Ստեփանյանի): Այտեղ է գտել վերջին երկու հոբելյանական հրատարակություններում' նվիրված Մ. Նալբանդյանի ծննդյան 150-ամյակին (1979), «Երկեր»-ում (ներածություն Ս. Դարոնյանի) և «Հրապարակախոսական երկերում» (ներածություն և ծանոթագրություններ Մ. Մխիթարյանի):

էջ 169, տ. 4. «(Սիրական եղբոր, Խ. Պ. Օտ...ին նվեր)» — Օտյան Խաչիկ Պողոսյան֊ Արևմտահայ նշանավոր հրապարակախոս և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի կրտսեր եղբայրը, հայտնի գրող, երգիծաբան Երվանդ Օտյանի հայրը։ Ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է անվանի նալբանդյանագետ Աշոտ Հովհաննիսյանը, Միքայել Նալբանդյանի և Խաչիկ Օտյանի բարեկամությունը, որ սկսվել էր Նալբանդյանի՝ Պոլսում եղած երկու ամիսների ընթացքում, ուներ գաղափարական բնույթ: Խաչիկ Օտյանը մեկն էր այն երիտասարդներից, որոնք համախմբված էին Սվաճյանի «Մեղուի» շուրջը:

էջ 169, տ. 5. «Միթէ որ ննջիցէն, այլ ո՛չ ևս յաւելուցու յառնել...»— Տե՛ս Սաղմոս Դավթի, Խ, հ. 9։

Սաղմոսի այս տողերը, ավելի քան, համապատասխանում էին բանտում գտնվող Նալբանդյանի հոգեկան վիճակին, որն իր աշխատությամբ ջանում էր ապացուցել, որ ինքը մեռած չէ, կա և ստեղծագործում է:

Էջ 170, տ. 7. «Թողնելով այն պարոններին, որոնց սիրել է այդպիսի բաների պարասյմունքը...» Ակնարկը վերաբերում է Մկրտիչ էմինի 1850 թ. Մոսկվայում լույս ընծայած «Վէպք հնոյն Հայաստանի» աշխատությանը:

էջ 170, տ. 13. «Բարձրաբարբառ հռչակել պ. Գաբրիել Տեր-Հովնաննիսյանցի «Տեր Սարգիս» մակագրով վիպասանությանը» — Գաբրիել Տեր֊Հովհաննիսյանի «Տեր Սարգիս» վեպը լույս է ընծայվել 1861 թ. Հյուսիսափայլի 5֊րդ, 8-րդ, 9-րդ և 12-րդ ամսատետրակներում, ընդամենը 22 գլուխ և ընդհատվել գրաքննչական արգելքի պատճառով: Այս մասին վեպի հեղինակը «Քաջբերունի» ստորագրությամբ «Ստեփաննոս Նազարյանցի շուրջը 60-ական թվականներին» հուշագրության մեջ պատմում է հետևյալը. «Ի՞նչ է պատճառը, որ «Տեր Սարգիս» վեպր ընդհատվեց, չշարունակվեց: Վեպը, երբ հասել էր այն կետին, որ պետք է բեմ հանվեր Թիֆլիսի յուր ժամանակին նշանավոր քահանաներից մինի, Սահակ ավագ քահանա Սահառունու, կրոնի դասատվության խայտառակ ձևը Ներսիսյան դպրոցի բարձր դասարանում, հեղինակին հաղորդել էր Սահառունու աշակերտ Մարտիրոս Սիմեոնյանցը: Հենց այդ ժամանակ բորբոքված էր Մատթեոս