Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անհող, հարկադրվեցավ դարձյալ յուր օրական հացը ճարել ստրկանալով ուրիշին։

Բռնակալությունը, եթե նորա երևեցուցիչը մի անհատ է, թո՜ղ լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նորա աշակերտ, մի պոլիտիկական ավազակ, բնավ սարսափելի չէ. քանզի այն անհատի հետ գերեզման կիջնե։ Բռնությունը, եթե նորա երևեցուցիչը մի ժողով է, մի ծերակույտ, մի հրեական սինետրիոն, նույնպես, զարհուրելի չէ. ցրվեցիր ժողովը, կործանեցիր նորա տաճարը, և ահա ամենայն բան կընթանա, ինչպես յուղած ճախարակ։ Բռնությունը աննկարագրելի և անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր և երկարատև, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից։ Մի հարատև բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երևեցուցիչը։ Շատ անգամ ինքը ազգը զգում է բռնության ծանրությունը և առանց արմատը քննելու, այսինքն, առանց յուր անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է, աքսորում է, ի վերջո, չքացնում է բռնության երևեցուցիչը։

Ուրախացավ, կարծեց, թե ազատվեցավ բռնութենից, չգիտե, թե ինքն է, յուր մեջ է այն բռնության և անօրենության տարրը։ Կարծեց, որ եթե մի մարդու տեղ քսան հոգի նստի, բոլոր բանը կփոխվի. մոռցավ, որ քանի յուր հասկացողությունը նույնն է, ինչպես էր հառաջ այն մինի ժամանակ, այն քսանը պիտի գնա նույն ճանապարհը, որով գնում էր պատժված մինը։ Մասնավոր ուշադրության արժանի է մարդկային կյանքի և այս երևույթը, որ երբ մի արտաքին ուժ դադարում է ճնշել որևիցե մի հասարակություն, ինքը այդ հասարակությունը սկսում է բռնանալ յուր վերա և նորա բռնակալական ձգտողությունքը բնավ իսկ պակաս չեն արտաքին բռնության ձգտողութեննեիից։ Սորա շոշափելի օրինակը տեսանելի է Անգլիո մեջ։

Ամեն մարդ գիտե, որ գրատպությունը ազատ է այնտեղ, և կառավարության և օրենքի կողմից ամենայն հարձակմունք անհնարին։ Բայց, չնայելով սորա վերա, Ստյուարտ Միլը հարկադրվեցավ հրատարակել յուր գիրքը՝ <<On liberty>>: Ստյուարտ Միլը այս գրքի մեջ բնական պատճառներով աշխատում է համոզել, որ տպագրությունը ազատ մնա ամենայն հարձակմունքից։ Հարձակմո՞ւնք, տպագրության ընդդե՞մ, և մի աշխարհում, ուր ամենայն բան տպվում է առանց արգելքի, որի՞ կողմից աբդյոք, մինչ կառավարությունը և օրենքը ազդեցություն չունին այս խնդրի վերա։ Ստյուարտ Միլը խոսում է հասարակության հետ, նա բողոքում է նորա ընդդեմ, և նորա ընդդեմ դարձյալ պաշտպանում է և քարոզում


4-715