Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տպագրության անպայման ազատությունը։ Հասարակությունը, նորա կանխակալ կարծիքները, նորա ավանդությունքը, որ դարերով նստել են նորա ուղեղի վերա, արմատացել են նորա ոսկերքի մեջ, շատ անգամ չէ կարող հաշտ աչքով նայել ազատ հրապարակախոսության երեսին։ Նա հալածում է նորան ոչ թե օրենքով կամ որևիցե կառավարչական ուժով կամ արգելքով, ո՛չ, նա լավ գիտե, որ սոքա անհնարին բաներ են Անգլիո մեջ, նա հալածում է մանր հնարներով և աղտոտ ճանապարհներով, որոնց մեջ վերջին տեղը չունին, անձական վնաս հասցընել, վատաբանել, կասկածներ հարուցանել հեղինակի վերա, պարզամիտների միտքը և ատելությունը գրգռել նորա ընդդեմ։ Այս բոլորը սարսափանքով տեսավ Ստյուրատ Միլը, տեսավ և գոչեց, «Մեք սուզանում ենք»:

Կեմբրիջի համալսարանի երկրագիտության վարդապետների դրվածքը, մի պարզ բնագիտական և երկրագիտական տեսություն, ահ ու սարսափ բերեց հասարակության վերա։ Հասարակությունը տեսավ, որ այդ գրվածքը հիմն ի վեր տապալում է այնպիսի հասկացողությունք, այնպիսի սկզբունք, որ վաղուց արդեն սրբազանել է ինքը, հասարակությունը, որ դարձել է նորա հոդին, նորա պաշտական գաղափարը. տեսավ այս և խաչակիր արշավանք քարոզեց այն իմաստուն ուսուցիչների ընդդեմ։ Բանական հնարքները, հերքողությունքը, վեճը և, ի վերջո, անբարոյական պարսավանքը թույլ երևեցան նորա աչքում. նորա վշտացած հասկացողությունը թելադրում էր նորան վրեժ, նորա միակ ցանկությունը էր, որ ուսուցիչք կորուսանեն յուրյանց ամբիոնը։

Վա՛յ այն ծառին, վա՛յ այն բուսականին, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական ուժը և զորությունը։ Վա՛յ այն ծառին և բուսականին, որի հույսը դրված է միմիայն, գիշերային և առավոտյան, բարձրից գալու ցողի վերա: Ցողը դեռ հազիվ հազ նստում է նորա տերևների վերա, հազիվ հազ սկսանում է զովացնել նորա ծարավը, դալարացնել նորա խորշակահար տեսիլը և ահա... արևը ծագեցավ։ Ցողի կաթիլները, հետզհետե գոլորշանալով ցնդեցան, գնացին. իսկ տերևքը մնացին այրող ճառագայթների ազդեցության ենթակա։

Մարդուն համար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը, նախ ինքը, յուր մեջ ազատ չէ, և երկրորդ, եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերի վերա։ Եվ քանի որ տնտեսական խնդիրը— այն բազմակնճիռ Գորդիասի կապը լուծված չէ, հասարակությունը յուր ընկերական և ընտանեկան հարաբերությանը մեջ ազատ չէ. թող