երկու հարյուրը անցած ժամանակների հարյուրի զորությունը չունի, որովհետև ապրուստը թանկ է։
— Ի՛նչ է այդ թանկության պատճառը և ի՛նչ ասել է թանկություն:
— Եթե մինչև այժմ չգիտես թե ինչ է թանկությունը, ինչ ասացիր ու գրիչ առիր ձեռքդ։ Թանկության պատճառն ես հարցանում ինձանից, պատճառը ո՞րն է։ Ապրանքը իմը չէ՞, երեկ վաճառում էի տասնի, այսօր քսանից պակաս չեմ տալիս, կարո՞ղ ես բռնի հափշտակել։ Այն տունը ուր ես բնակվում եմ, սորանից տասն տարի հառաջ վարձում էի հիսուն ոսկու, այժմ տան տերը չկամի տալ հիսունի և պահանջում է հարյուր, ի՛նչ կարող ես ասել։ — Եթե դու չտաս հարյուր, ուրիշ տվող կա, — ասում է նա, և եթե ես նորան չտամ հարյուր, ուրիշ տեղ ևս պակաս գնով չէ պիտո գտանեմ, ուստի և հարկադրված վճարում եմ այժմ հարյուր։ Ի՛նչ հարկավոր է տան վերա խոսիլ, ո՞ր բանը այսպես չէ։ Այսքան տարի ապրել եմ և միշտ կոշիկ եմ հագել, և միշտ մի զույգ կոշկի համար վճարել եմ կես ոսկի, այժմ, այն նզովից արմատ կոշկակարը ասում է, թե չէ կարող մի ոսկուց պակաս կարել։ Խոսելիք ունի՞ս, եթե չվճարես ոսկին, առանց կոշիկի կմնաս։ Կարո՞ղ ես բռնի կարել տալ։ Ո՞ր մինը ասեմ, դերձակը ևս նույն երգն է երգում, մինչև անգամ ջրկիրը կրկնապատկել դույլ ջրի գինը։
— Ճշմարիտ է այդ բոլորը, բայց ի՞նչ է պատճառը, որ բոլորը ևս միացել են և կրկնապատկել են յուրյանց ապրանքի գինը։
— Ների՛ր, պարո՛ն, հաստագլուխ ես եղած, որ մինչև այժմ չհակըցար։ Ապրանքը նոցա ապրանքը չէ՞...
— Հերիք է. լսիր: Քո բոլոր ասածներից մի բան միայն ուղիղ է, այսինքն, դրամի զորություն չունենալը, իսկ պատճառը, որ կարծում ես թե հառաջանում է տանը տիրոջ, կոշկակարի, դերձակի և ջրկիրի կամքից կամ դավադրութենից, բոլորովին անխելք և տղայական։ Դրամի արժեքը պայմանական մի բան է, նորա զորությունը կամ անզորությունը, նորա բարձրանալը կամ ցածնալը կապված է այն նյութերի շատության կամ սակավության, որոնց հետ կենթադրվեր փոխանակել դրամը։ Թանկությունը և դրամի արժեքի ընկնիլը համարձակ կարելի է թարգմանել պակասություն և կարոտություն այն նյութերի, որոնց հետ պիտի փոխվի դրամը. այստեղ կամքը կամ հաճույքը հանդես չունի: Երբ որ երկրագործությունը, դրամի հետ փոխվելու նյութերի մշակությունը, ընկնի, երբ այդ նյութերը սակավանան, այն ժամանակ, նախ, դրամի արժեքն է ընկնում, երկրորդ՝ դրամը կենտրոնանում է, որովհետև հասարակ ժողովուրդը չունի այն բանը, որ փոխանակել կարող էր