դրամի հետ, ուրեմն և դրամի շրջանառությունը դարձնել յուր մեջ: Եվ այսպիսի դիպվածում ավելի դառն է հասարակ ժողովուրդի վիճակը. դրամը կենտրոնացած է, և ժողովուրդը պիտի քարշե նորան այդ կենրոնից, ինչո՞վ, միմիայն յուր աշխատությամբ և այդ մեքենական աշխատությամբ ստացած դրամը չունի զորություն։ Ապա եթե երկրագործությունը ծաղկի, դրամի հետ փոխվելու նյութերը առատանան, դրամը չէ կարող կենտրոնանալ զանազան ձեռքերում, հասարակ ժողովուրդը, յուր պատրաստած նյութերի զորությամբ, կցրվե նորան, որով ոչ միայն դրամի շրջանառությունը կմտանե ժողովրդի մեջ, այլ դրամի արժեքը ևս կբարձրանա նյութերի շատության չափով։
Այս աշխարհներում, ուր հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործությամբ ապրիլ, նա կենտրոնանում է քաղաքներում և մայրաքաղաքներում, և այս կենտրոնացության չափով սաստկանում է և թանկությունը, ուրեմն և աղքատությունը։ Անգլիո մեջ, Լոնդոնի և այլ գավառական քաղաքներում բնակիչքը գրեթե հարյուրին տասն և հինգ շատանում են ամենայն տարի։ Թողո՛ւնք ուրիշ քաղաքները, միմիայն Լոնդոնի մեջ, տասն տարու միջոցում, հավելացել է գրեթե հինգ հարյուր հազար հոգի։ 1851 թվականում Լոնդոնը ուներ բնակիչ 2,362,236, իսկ 1861-ին՝ 2,803,034։ Տարակույս չկա, որ Ամերիկայի պատերազմի պատճառով այսօր Լոնդոնի մեջ կա 3 միլիոն բնակիչ։ Այսպիսի վիճակում, մինչ միլիոնավոր հոգի պիտի ապրի յուր մեքենական աշխատության վարձով, մինչ և այն ամեն ժամանակ չէ կարող գտանել, կարելի՞ է հարստություն, հնարավո՞ր է ապրուստ[1]։ Եվ եթե այսպես է հասարակ ժողովուրդի վիճակը մի այնպիսի աշխարհում, որ բոլոր երկրագունդին բաժանում է յուր ձեռագործքը, որ պետք ունի միլիոնավոր ձեռքերի, ի՛նչպես ուրեմն կլինի այն աշխարհների վիճակը, որ անգլիական արվեստի և ձեռագործության և հազարերորդ մասը չկա, և եթե այն աշխարհների հասարակ ժողովուրդը թողու յուր հողը և երթա մայրաքաղաք կամ այլ գավառական քաղաքներ։ Ասել հարկավոր չէ, քանզի մինչև այստեղ ասածներիցս հետևցնելը շատ հեշտ է:
Բայց, մինչև այստեղ, մեք մեր առջև դրած բուն խնդրին չդպանք. մինչև այստեղ աշխատեցանք միմիայն մերկացնել նորան։ Ի՛նչ է մեր խնդիրը։ Ո՛չ Ամերիկայի պատերազմը, ո՛չ Անգլիո սեփականության օրենքը, ո՛չ օդային ազատությունը, ո՛չ Ռուսիո ներկա վիճակը, ո՛չ մինը
- ↑ Վերջին վիճակագրական տեղեկությանը նայելով, Լոնդոնի մեջ, ուրիշի օգնությամբ, այսինքն ողորմությամբ ապրող աղքատների թիվը հասանում է մինչև 800.000 հոգի։