20 Յունվարի
1862 ամի Լոնդոն
70. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԿՅԱՆԻՆ
ԳԵՐԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐ,
Ձեր սրտառուչ նամակը, որից հայտնի երևում էր թե ինչ տագնապի մեջ եք, ստացա պ, Հակոբյանց շնորհքով։ Նամակը մի փոքր ուշացել էր, քանզի Եգիպտոսից ուղարկել էին Պոլիս, բայց ես արդեն դուրս էի ելած Պոլսից դեպի Լոնդոն։
Ձեր նամակը և պ. Հարություն Աբգարյան բարեպաշտ ծերունվո նամակը առ վեհափառ կաթողիկոսը ուղարկել եմ հունվարի 20֊ին մի առանձին նամակով, որի պատճենը այս մեկով ուղարկել եմ առ պ․ Ս․ Հ. Աբգար, և խնդրել եմ որ ինքյանք կարդան և ձեզ ևս ցույց տան։
Այնտեղ կտեսանեք, որ ես հաստատ եմ իմ խոստմունքիս մեջ. բայց թե ցարդ չկարողացա ինքս անձամբ կատարել ձեր հանձնարարությունը, իհարկե իբրև բանական այր, կհասկանաք, որ ես ազատ չեմ, որ կամեցածիս պես ուղղեմ իմ ընթացքը, պաշտոնիս հանգամանքները չթողին ինձ և որ չկարծեմ թե շուտով թույլ տան։ Ինչևիցե ես այն նամակը կաթողիկոսին գրելուց հետո, դրեցի նույնպես թիֆլիս և էջմիածին իմ հավատարիմ բարեկամաց, որք անշուշտ նույնպես կգրեն և կխոսեն կաթողիկոսին՝ դարման մատուցանել Ջուղային։