Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 5.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներից ոչ մեկը և կամ Ֆլորհնցիայի հռետորներից ոչ ոք չի ճնշվում Սենեկայի կամ Ցիցերոնի հեղինակությունից. նրա համար միևնույն է, թե նրանք ինչպես կխոսեին իրենց ժամանակ, որովհետև նա լիովին գիտակցում է իր իրավունքը` ներկայումս խոսել ի՛ր իմացածի պես։ Լեզուն ժամանակի արդյունք է և մշակվում է ժողովրդի ըմբռնումների և քաղաքակրթության համեմատ։ Լավ է թե վատ, դա այլ հարց է, բայց փաստն այն է որ նա, որպես ժամանակի լեզու, այնպիսի անձեռնմխելի իրավունք ունի, ինչպես նրան նախորդող հին լեզուն։ Բացի այդ` ինչո՞ւ նա լավ է, իսկ սա՝ ոչ։ Ո՞ւր է այն բացարձակ չափանիշը, որ կարող է պատասխանել այս հարցին։ Բացարձակ ոչինչ չկա, այլ ամեն ինչ գնահատվում է հարաբերականորեն՝ որոշ տեսակետով։ Իսկ ի՞նչ բան է տեսակետը։ Հեղինակությո՞ւն։ Այդ դեպքում հռչակավոր տեսակետն ազատ չէ, այլ ստրուկ։ Տեսակետը ոչ այլ ինչ է, եթե ոչ կենդանի մարդու հատկանիշը, հետևապես, ժամանակի և քաղաքակրթության արգասիք է։ Բայց եթե այդ՝ Ժամանակը ոչնչով չնախատելով նախորդների ընդունած նորման, նրան բոլորովին թողնի և ստեղծի մեկ ուրիշը՝ նոր հիմունքներով, միթե դա, ճիշտ է՝ լռելյայն, բայց փաստացի բացառումը չէ՞ ոչ միայն գեղեցկության, այլև պիտանիության, այն բանի, որ մի ժամանակ պաշտվել և իդեալ է եղել։

Ժամանակակից մարդուն ի՞նչ օգուտ (սոցիալական իմաստով) Միքել Անջելոյի մեռած ու սառն արձանների գեղեցկությունից ու շքեղությունից, երբ նրան պակասում է իրական և կենդանի կինը թող որ ոչ այնպես նրբագեղ, բայց այնուամենայնիվ կենդանի և, հետևապես, իր սոցիալական և ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխան։ Եթե չկա ավելի գեղեցիկը, մարդ արարածը չի հրաժարվի նույնիսկ ամենաայլանդակ կնոջից միայն այն պատճառաբանությամբ, թե Վատիկանի արձանները շքեղությամբ և գեղեցկությամբ շատ ու շատ գերազանցում են նրան։ ճիշտ չէ՞, որ ապուշի անուն ու տիտղոս կվաստակեր մեկը եթե անհրաժեշտ պայմաններից թելադրված՝ ամուսնությունից հրաժարվեր միայն նրա համար, որ իր հարսնացուն Բելվեդերյան Վեներային նման չէ։ Ինչ ուզում եք ասեք՝ դա ծայրահեղ հիմարություն է։ Է՜հ, ես ինքս իմ թույլ լարին դիպա և շատախոսեցի, մոռանալով, որ քեզ նամակ եմ գրում, այլ ոչ դիսերտացիա։

Շնորհակալ եմ Մարիա Աֆանասևնայից իր նեղության համար, և խնդրում եմ հաղորդել նրան, ինչպես և երկու սեռի բարեկամներիս՝ իմ