Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այս բաները մեծ զարմանք բերեցին պ. Մարկոսի վերա, բայց չկարողացան դրականապես պատասխանել նորա հարցասիրությանը, թե ի՛նչ դիպվածով հատկապես ընկել էր Շաքարյանցը այդ վիճակի մեջ: Շաքարյանցի ծառան դրսումը կանգնած զարմանում էր պ. Մարկոսի քաջասրտության վերա, որով նա համարձակվել էր ներս մտանել մի բնակության մեջ, ուր ստեպ հավաքվում էին փերիներ և դևեր։

Պ. Մարկոսը, թողնելով յուր հետաքրքրությունը, ներս մտավ Շաքարյանցի սենյակը, ուր քնած թողել էր յուր բարեկամը։ Սա զարթեցավ պ. Մարկոսի ներս մտանելուց, առատ քրտինքը թափվում էր նորա ճակատից, և ամենևին չիմանալով յուր գլխից անցածը, համարեց, թե նոր է գալիս պ. Մարկոսը։ Այս պատճառով վեր կացավ տեղից և կամեցավ, հառաջ գնալով, ողջունել յուր բարեկամը. բայց պ. Մարկոսը հառաջեց խոսել.

— Ի՛նչպես է այժմ առողջությունդ, ես, ճշմարիտն ասեմ, շատ վախեցա...

— Երևի թե առավոտուն վաղ մարդ ուղարկելուս պատճառով։ Օրհնած հոգի, ո՞չ ապաքեն տոմսակումս գրել էի հրավիրելուս պատճառը. փառք աստուծո. ի՛նչ վախենալու բան կա. պիտո էր ուրախանալ։

— Սև ուրախություն կգար քո գլխին, եթե չէի կարդացել... ի՛նչ օր էին ձգել քեզ քո բարեկամքը. հավատա՛, Շաքարյանց, դու մի օր հանկարծ կմեռանիս և հոգիդ բաց աչքով կմատնես, որ կերակուր լինի սատանայի։ Մի՞թե ամոթ չունիս, դու քրիստոնյա մարդ ես. ի՛նչպես կարելի է սատանայական բաներով պարապիլ...

Պ. Մարկոսի այս բաները խոսելու ժամանակ, Շաքարյանցը ընկավ մի տխուր մտածության մեջ։ Երազի նման հիշում էր յուր ախոռից ներս

[1]

  1. արգելել էր նորան վարվելով բռնակալի պես։ Բայց տեղը, ուր գտել էր հովիվը այդ կնոջը, քանի հարյուր մղոնով հեռի էր մարդկային բնակութենից և գտանվում էր այնպիսի կողմում, ուր լիք էին կապիկներ և արջեր։ Այդ միջոցին կերակրում էր նա մի երկու տարեկան աղջիկ, որին շատ սիրում Էր, թեև հավատացնում էր, թե ինքը չէ նորա մայրը, այլ գտանելով նորան անհոգ և անխնամ, դարման էր տանում։ Այդ աղջիկը անվանեցին Հուլիա Պոստրանա, և յուր մայրացուի մահից հետո գրեցին նորան Ուլլոայի գավառապետի գերդաստանի մեջ, որպես աղախին։ Այստեղ մնաց Հուլիան մինչև 1854 թ. ապրիլը և հետո գնաց դեպի Միացյալ Նահանգները։ Այդ օրից սկսեց նա երևել Միացյալ Նահանգների մեծ քաղաքների մեջ և ամենայն տեղ գրգռեց բժիշկների և բնագետների հետաքրքրությունը: Երբ որ Ամերիկայում բավական տեղ երևել էր, ապա եկավ Եվրոպա, համարյա թե յուր վերա դարձուց բոլոր մայրաքաղաքացիների ուշադրությունը։ Մոտ իբր վեց, յոթն ամիս մնաց Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում. հետո ճանապարհորդեց դեպի Գերմանիա։ Նորերումս ռուս օրագրերր հրատարակեցին նորա վերադարձը դեպի Պետերբուրգ, ուր երևում է բաղմությանր մի Ալբինոս կնոջ և մի 30 բթաչափ գաճաճի հետ։