Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ընդլայնողությանը ձեռնտու է լինում և ջերմությունը. այս կերպով այդ երակները ավելի մեծ մակերևույթ ստանալով դուրս են փայլեցնում յուրյանց գույնը երեսի վերա։ Ինչևիցե. այդ պարոնը կլիներ այսպես 55 տարեկան

— Բարո՛վ, բարո՛վ, պ. Մանթուխյանց. այս ո՞ր քամին փչեց քեզ մեր մոտ, այս րոպեիս խոսում էինք քո մասին։ Մ. Մարկոսը խնդրում էր ինձանից, որ յուր հետ միասին գայի քո մոտ, բայց ես իմանալով քո ժամանակի սակավությունը, հրաժարվեցա, որովհետև անտարակույս պիտի նեղություն պատճառեի քեզ. խնդրեմ, հրամայեցեք նստեցեք, շատ ուրախ եմ։

— Բարով,— Մանթուխյանցը, դառնալով դեպի պ. Մարկոսը, և քարշելով մի աթոռ, նստավ սեղանի մոտ։

— ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ... —

— Ի՛նչպես վերջացավ բանը, հաջո՛ղ, թե անհաջող։

Պ. Մանթուխյանցը խոսքերով չպատասխանեց այս հարցմունքին, աչքով միայն ստորասաբար նշանացի արեց. նորա ինքնաբավականությունը երևեցավ և դեմքի ուրախ ցուցակության մեջ, որ համարյա թե գտնվում էր մի ջերմախտական-ցնցողական վիճակում։ Նա չէր կարող բառերով հայտնել յուր ուրախությունը և հաջողությունը, որովհետև երրորդ մարդ կար այնտեղ, որից թաքուն էր, գոնե համարում էր թաքուն, այդ բանը։

— Ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ,— կրկնեց պ. Մանթուխյանցը,— մի բաժակ արաղ արժե՛ որ խմեմ. ասում են, թե «ծերաց գավազան» է երկար աշխատութենից հետո։

— Հրամայեցե՛ք, անուշ արեցեք։

Այս ասելով պ. Շաքարյանցը լցրեց արաղը մի բաժակի մեջ և տվեց Մանթուխյանցին։ Պ. Մանթուխյանցը, բաժակը ձեռք առած չառած, կարդաց տակի գրերը...

— Չկամի՞ք ծխել,— հարց արեց պ. Շաքարյանցը։

— Ի՞նչ է հարցանում այս մարդը, երկնքից ի՞նչ է թափվել երկրի վերա, որ սա չէ ընդունել։

Թաբաք ծխողները դարձան երեք հոգի. ծխով լցվել էր ամբողջ տունը, ծխողքը հազիվ հազ տեսանում էին միմյանց. պ. Շաքարյանցի սենյակը դարձել էր մի մաքրատուն։ Մի քանի վայրկենից հետո, այս երեք մարդիկը, ամենայն ծանրությամբ սկսեցին ընտրություն առնել մարդերի, որ հրավիրելու էին յուրյանց խնջույքին մասնակից լինելու համար։