Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


...Երեկոյան ժամանակ, Կոմս էմմանուելը հեռացավ դեպի քաղաքի ծայրը, դեպի մի պարսպավոր եկեղեցի, որի բակը էր միևնույն ժամանակ և գերեզմանատուն։

Կանաչապատ էր բոլորովին այդ եկեղեցու բակը, և շատ ծառեր տնկած կային պարսպի հետ զուգահեռաբար, որոնց ստվերքը ստանում էին առավել և առավել հսկայական երկայնություն, որքան արևը խոնարհվում էր դեպի մուտ։ Թեթև քամին, խաղալով ծառերի տերևների հետ, պատճառում էր մի ախորժելի խշխշոց. ծաղիկները և արոտները սկսանում էին առուգանալ, թարմանալ և բարձրացնել յուրյանց գլուխը, ազատվելով արևի ուղղահայաց այրող ճառագայթներից, որ խաղում էին այժմ կաթողիկեի ոսկեզօծ խաչի վերա։

Այցելուն աչքը ձգեց լայնարձակ, գեղեցկանիստ բակի վերա. ոչի՛նչ, և ո՛չ ոք... Այնտեղ ապրում էր միայն անշունչ բնությունը. այնտեղ, քամին միայն, որոտը, և նշանակյալ ժամերում, եկեղեցու տխուր հնչող զանգակը կարող են ընդհատել միշտ թագավորող լռությունը։ Գերեզմանները որը կարգով և որը անկարգ շարված էին կանաչ, թավիշապատ հատակի վերա։ Ասես թե մարդերի գերեզմանքը ծառայում են բնության ձեռքում շախմատի քարերի տեղ։ Բնությունը խաղում է այս խաղը ժամանակի հետ։ Ամեն մի նոր գերեզման նոր քար է, որ ստանում է բնությունը և դնում է և զանազան ուղղություններով շարում է յուր խաղակից ժամանակի առաջև։ ժամանակը տանում է այդ քարերը հատակից...

Երբ Կոմս էմմանուելը ման գալով գերեզմանների մեջ և կարդալով տխուր և սխալներով լի տապանագիրքը, որոնց և՛ գրել տվողը, և՛ գրողը, և՛ փորողը չեն գիտեցած հայերեն, անցավ դեպի եկեղեցու սեղանի քամակը, այսինքն, արևելյան կողմը. այստեղ տեսավ նա մի կենդանի էակ. բայց և սա սպասավ, ր էր մահու թագավորությանը...

Մի վաթսունամյա, բայց առույգ ծերունի, ճաղատ ճակատով և սպիտակ մազերով, բահը ձեռքին փորում էր... Նորա խոշոր դեմքի գծագրության հանդարտութենից երևում էր, որ շատ սառնությամբ կատարում էր այդ գործը, և ամենևին մեքենաբար, առանց մտածելու և յուր գործի հետևանքից կամ շարժառիթից մի տպավորություն ներս ընդունել յուր հոգու վերա։

Կոմս էմմանուելը մոտեցավ այս մարդուն։

«Բարև, ծերունի»,— ասաց նա։

- Աստուծո բարին,— պատասխանեց խոսակիցը։

«Դարձյա՞լ գերեզման...»։

- Օրհնած, այս տարի դեռ տասներորդն է, որ փորում եմ, միթե շա՞տ է, Եթե այսքան ևս չլինի, ասե՞ս որ պիտեր քաղցած մեռանել։ Ի՛նչ