Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտո է մտածել, որ բավական օրինավոր բան եղած լինի, որովհետև մինչև այսօր ևս կան մի քանի գրյանք, որ բավական մաքուր դարս են եկած այդ տպարանից, որպիսիք են — Յիսուս որդի, ժամագիրք, Սաղմոս, Աղօթամատոյց, Ողբք և հառաչանք էջմիածնի և ուրիշք. թեպետ և Տելեմաքի անդրանիկ թարգմանությունը տպված է շատ անպիտան։

Վանքը ունի շատ պատվական աղբյուր և մի քանի ծառատունկ, որոնց ստվերների տակ օդ վայելելու համար նստում են Նախիջևանից եկավորքը։

Վանքի ամենաբազմամարդ օրը է վարդավառի կյուրակեն և երկուշաբթին. հարյուրավոր գերդաստան գնում են քաղաքից և գեղերից, ոմանք վանքի պարսպի մեջ, ոմանք պարտեզումը նստում են յուրյանց շինած կտավեղեն տաղավարների տակ։ Վանքը, ինչպես ասացինք, գտանվում է սարի վերա, իսկ պարտեզը այդ սարի ոտքում մի տափարակ տեղի վերա, որ բաժանվում է սարից վանքի աղբյուրի առատ վտակով։ Վանքից մինչև ջրի ափը շինած է մի քարյա սանդուղք, որի վերա վարդավառի տոնին երևում են այր և կին մարդերի, զանազան հասակի բազմություն, յուրյանց խայտաբղետ զգեստներով, ասիական գնացքով և օտարախոս ձայներով: Բացի վարդավառից, ամառները, ամենայն կյուրակե, պատահում են այդտեղ տասն, քսան գերդաստան, որ գնում են, ծառերի տակին կանաչ արոտի վերա թեյ խմելու կամ խորոված ուտելու համար։ Վանքի սարից որ ցած ես գնում դեպի աջ, վանքից կես վերստ հեռավորությամբ, կամ ավելի ևս պակաս հանդիպում ես մի փոքրիկ աղբյուրի, որ ժողովրդից անվանվում է Սաղլըգ սու(առողջարար ջուր), այդ ջրով լվացվում են ամենայն ջերմախտ ունեցող մարդ և յուրյանց հանդերձների կոտորից մի բան կապելով մոտակա ծառերի ճյուղերին հավատում են, թե բժշկվում էին։ Աղբյուրը ստացել է առողջարար անունը այն պատճառով, որ տեսած էին նորա վերա լույս իջանելը, շատ կարելի բան։

Աղբյուրը գտանվում է վտակի մոտ, ամենևին ճախինի մեջ, ուր բուսանում է եղեգն և ապրում են զանազան զեռունք և սողունք, այս շնչավորների մեռած մարմինների քիմիական վերլուծությունը, այլև ճախինը ինքն ըստ ինքյան կարող է պատճառել այն լույսը, որ հայտնի է անունովս ճախնային գազ, կամ գերեզմանական մոլահուր, որ շատ անգամ երևում է և նոր թաղած մեռելների գերեզմանների վերա, եթե խաղաղ էր եղանակը, եթե քամին չէր ցրվում այն գազը, որ բաժանվելով մեռած մարմնից նստում էր գերեզմանի հողաբլուրի վերա:

Այն մարդուն կամ այն ժողովրդին, որին անհասկանալի են