Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճշմարիտ, դորանից ուղիղ կրոն չկա աշխարհի երեսին: Ո՛րքան վեճ ունեցել եմ կրոնի մասին, ո՛րքան բան գրել եմ այդ առարկայի վերա, րայց ե՛րբ... (քեզ հարկավոր չէ իմանալ այդ բանի մանրամասն հանգամանքը) վերստին ընդունեցի սուննաթի դավանությունը, անդեն առ նմին հասկացա, որ սխալված էի շիաթների կրոնը պաշտպանելով։

Այս միջոցին նայիբներից առավել ծերունին ասաց յուր ընկերին ցած ձայնով, որ ես, թեպետ մոտ էի կանգնած, բայց հազիվ լսեցի, թե, «Սորան նայի՛ր, ինչեր է խոսում. անծանոթ մարդ է գտել, քամիներ է փչում։ Դա ո՛չ մի ժամանակ որդի չէ մուսուլման ծնողների, դա հրեի տղա է, և բախտի բերելով ընկել է մեր կրոնի մեջ։ Շիաթների դավանությունը ուրացավ ոչ այն պատճառով, որ ճանաչեց նորա մոլորականությունը, այլ պաշտելով այդ կրոնը, երբեք կարողանալու չէր տիրապետել այդ գահին, որի վերա նստել էին երբեմն մեծ մարգարեի հավատարիմքը։ Այս պատվելու կրոնափոխությունքը հետևանք է քաղաքական գաղափարների, և ո՛չ բուն կրոնական խորհրդով։ Ովի՞ն է խարում սա»։

— Ուրեմն,— պատասխանեցի ես Շամիլին,— եթե ձեր համար այդպես հեշտ է կրոնափոխությունը, էգուց կարող էիք ընդունել և բուդդականություն. ինչպես տեսանում եմ ես (ներեցեք, որ համարձակվում եմ տեսանել, ըստ որում անզոր մարդ լինելով, դուք ասում եք, թե չունեի ոչինչ իրավունք), շատ թույլ է ձեր բարոյականությունը. և այդ վիճակում գտանվելով դուք, ընդունակ եք մինչև ձեր կյանքի վերջը փորձել աշխարհի երեսի բոլոր կրոնքը և դավանությունքը։ Ասել է մի խոսքով, թե ոչինչ սուրբ բան չկա ձեր համար աշխարհի երեսին, այլ ամենայն ինչ խաղալիք է ձեր հզոր ձեռքում։

Սրտապնդելով ասացի այս խոսքերը բռնակալին, մտածելով, եթե կվնասե ինձ, գլուխը քարը, թո՛ղ վնասե, ո՞չ ապաքեն միանգամ պիտի մեռանիմ, գոնե մինչդեռ ժամանակ ունիմ ձեռքումս ճշմարտության մուրճի հարվածը հասուցանեմ դորա ճակատին։ Բայց Շամիլը այդ մտքի վերա չէր. նա իմ հետ վարվում էր ամենևին այնպես, որպես մի որսորդ յուր որսի հետ, որի մասին հավատացած էր, թե ո՛չ մի կերպով չէր կարող ձեռքից դուրս գալ, և այս կերպով ապահոված լինելով իմ ներկայությունը, թույլ չտվեց յուր բարկությանը վառվիլ, բորբոքվիլ, թեև մի տհաճության ամպ, ասես թե փոթորիկից հալածված, անցավ նորա երեսի վերայով։

Ճշմարիտը պիտո է ասել, ես խիստ վարվեցա հանդիմանելով նորա անհաստատությունը կրոնի, կամ սրտի վկայության մեջ։ Ինձ, որպես քրիստոնեի, պարտականության էր ներողապես նայել նորա հանցանքի վերա. թողուլ նորա մեղքը, ըստ որում երեխայութենից ուսել էի խնդրել