Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կերպարանքը, քո տխուր հայացքը մոտ քարշեցին ինձ քեզ. իսկ թե ի՛նչ է քո մեջ այն, որ այդպես ներգործեց իմ վերա, չեմ կարող հաշիվ ու համար տալ ինձ։

Մի պարկեշտ ժպիտ խաղաց իմ անծանոթ հանդիպակացի շրթունքի վերա։

— Ես մի խեղճ մարդ եմ,— ասաց նա,— և իմ մեջ բացի հիվանդութենից ոչինչ չկա։ Դու զարմացնում ես ինձ պատմելով, որպես թե իմ ներկայությունը այդպիսի տպավորություն էր գործել քո վերա։ Առաջին անգամ տեսանում եմ ես մի մարդ, որ այդպես քնքշությամբ խոսում էր իմ հետ։ Մինչև այժմ բացի բամբասանքից, քսութենից, ատելութենից և անիրավ հալածանքից ուրիշ ոչինչ չեմ տեսել ես մարդերից։ Տե՛ր աստված, մի՞թե վերջապես ծագել է գթության օրը։

Վերջին խոսքերը ասելու ժամանակ դարձյալ վեր բարձրացրեց ձեռքերը և աչքերը, բայց սոքա արտասուքով փայլում էին այս անգամ։

— Մի՛թե մարդերի անարդարությունը պատճառ է եղել, որ այդպես զզվել ես մարդերից. չէ՛ պիտո հուսահատվիլ, եթե մի բարի խորհրդի վերա ես, թո՛ղ ամենակալ տերը լինի քեզ օգնական:

— Ամենակալ տերը, նա, որ քննում է մեր բոլորի գաղտնիքը, որի աչքը համարում է մեր աղիքի խորհուրդները, գիտե, որ ես լավության և բարի՛ եմ ցանկացել ամեն մի մարդու, գիտե, որ այդ իմ սուրբ և մաքուր ցանկությունը պատճառ է եղել իմ հալածանքին անիրավ և բռնակալ մարդերի կողմից։

Վերջին խոսքերը, թե «անիրավ և բռնակալ մարդիկ հարստահարել են նորան», դղրդեցին իմ հոգին, թեև երազում չէի զգում, որ գտանվում եմ գերության մեջ, այլ այդ թշվառ վիճակի դառն տպավորությունը մի մասնով դեռևս անհետացած չէր իմ ուղեղից։

— Անիրավ և բռնակալ մարդերի կողմի՞ց,— կանչեցի ես և արյունը գլխիս զարկեց.— ես քեզ ընկեր մինչև ի մահ. ե՛կ խնդրենք այդ բոլոր անիրավութենների վրեժը։

— Ես քրիստոնյա եմ.— կտրեց խոսքս իմ անծանոթ սիրելին.– ես չէ պիտո մտածեմ վրիժառության վերա։ Մի՛թե նա, որ մարդկության համար մեռավ խաչի վերա, վրեժխնդի՞ր եղավ նոցանից, որ հասուցել էին նորան այդ անարգ մահը։ Նա չէ՞ր, որ դեռևս հորից ներողություն էր խնդրում յուր չարչարողներին։

Մի սարսուռ զգացի ես լսելով այս խոսքերը, հետո, որպես թե մի եռացուցյալ ջուր թափեցին գլխիս վերա։ Թշերս այրվում էին ամոթից, որպես կրակից։

— Ես ուխտավոր եմ թողուլ բոլորի մեղքը, և այդ ուխտը ամրացած