Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Է մի սարսափելի կնիքով—Քրիստոսի անպարտ արյունով,– շարունակեց նա։– Ես կարոտ եմ կարեկցության, ես հիվանդ եմ, և իմ հիվանդության պատճառը դուրս է իմ կազմվածքի միջից։ Ցավը, որ տանջում է ինձ, դեռևս չէ ընկել և չէ՜ ևս ընկնելու ոչ մի պատոլոգիայի մեջ. բժըշկություն ճար չունի ընդդեմ այդ ցավին, նորան կարող է բժշկել միմիայն նա, որ ասաց, թե յուր անունով մահ չկա։ Ես ունեի նորա կտակը, և ամեն օր և ամեն ժամ կարդալով նորան, ասես թե մոռանում էի իմ ցավերը, ասես թե, մի զովացուցիչ բալասան թափվում էր այդ կտակից իմ թարախոտ և փտած վերքերի վերա։ Բայց նախանձոտ մարդիկ, այստեղից ոչ շատ հեռի, ահա այնտեղ (այս խոսքերը ասելով ցույց տվեց մատով մոտակա ուռիների անտառը), խլեցին իմ ձեռքից այդ կտակը...

Այստեղ հեկեկանքը և արտասուքը թույլ չտվեցին շարունակել նորան յուր խոսքերը։ Մի փոքրից հետո, մի սպիտակ թաշկինակով սրբելով արտասուքը, փոխված և ողբալի ձայնով հառաջ տարավ յուր պատմությունը.

— Ինձ ասացին այդ խլողքը, թե մահաբեր կլինի իմ համար այդ կտակը, ինձ ասացին, թե ես չեմ կարող հասկանալ նորան ինքս ինձանով, թե կարոտ է նա մեկնության, թե առանց առաջնորդի կգայթակղվիմ և կկորչիմ... Ավա՜ղ, որպես թե եգիպտական առեղծվածք կտակել էր մեզ նա, որ հերքելով ամենայն փարիսականություն, ամենայն խառնափնթորություն, արևի լույսի տակ ցույց էր տվել Իզիսի երեսը։ Ասացին, թե ինձ հարկավոր է այլ ճար... «Ո՜չ, ո՜չ»,— աղաղակում եմ ես։— Դու չգիտես,— պատասխանում են սրբապիղծքը,— դու մեր հոգաբարձության տակ լինելով պիտի լսես մեզ։

— Չկամիմ լսել, և ով դրել է ձեզ հոգաբարձու իմ վերա, մի՜թե նախախնամությունը գայլին հոգաբարձո՞ւ կկարգե հեզ և անմեղ գառնիկների վերա, կամ բրետը տակառով մեղրի վերա... Հեռի՜ ինձանից, դուք, գիշերադեմ մարդիկ։ Բայց ականջ դնող չեղավ իմ բողոքին, նոցանից մինը, համարյա թե բռնությամբ հափշտակելով իմ մոտ գտանված բոլոր արծաթը, տվեց ինձ ահա այս կապոցը ասելով, թե դորա մեջ կարող եմ գտանել իմ ցավի ճարը։ Ո՜հ, թեև շատ արտասուք թափեցի բաժանվելով այն կտակից, բայց այնուամենայնիվ փոքր էր, նորա գրողը իմ արտասուքից շատ արյուն էր թափել այդ կտակը վավերացնելու համար։ — ի՞նչ կա այդ կապոցի մեջ,— հարց արեցի ես։

— Չգիտեմ,— պատասխանեց խորհրդական ծանոթս և նետեց կապոցը իմ առաջև, նշանացի առնելով որ բանամ նորան։ Երբ բացեցի, ո վ խայտառակությանս, գտա կապոցի մեջ հին և պատառոտուն հանդերձներ հարյուր, հազար կարկատաններով, բացի նոցանից ուրիշ այլ ոչինչ։