Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քո օրից այսօր քանի՞ դար անցավ,
Սիրական լեզուդ ի՛նչ օրեր տեսավ։
Քանի՞ հալածանք, քանի՞ նեղություն.
Եթե օտարից, դեռ այնքան ցավ չէր...
Նույնիսկ մեր եղբարք թշնամի էին
Այն նվիրական քո սուրբ ավանդին:

Բայց արդ բարձրացավ
Հնության փոշուց,
Հաղթանակ կանգնեց
Սիրական լեզուդ։

Օրհնի՛ր, նահապետ, օրհնի՛ր, սիրական,
Քո սուրբ այս լեզու, ազգասեր Արամ։



Թող ծաղկի, աճե,
Թոզ պտուղ բերե,
Սուրբ հիշատակիդ
Նոր փառք պատրաստե[1]։


Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից. լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին։ Անհիմն և ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին, պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ, դորա հակառակ, պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ։ Հայերը դեռ խոսել չդիտեն, թո՛ղ ուրեմն հայ մանուկը, նախ և հառաջ որպես հայի զավակ, ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը։

Ազգությունը հառաջ է, քան թե ընդհանուր մարդկությունը, և ամենայն մարդ յար ազգությամբ մտանում է ընդհանուր մարդկության մեջ։ Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտար լեզվով. սորա վկայող գառն փորձեր շատ անգամ կատարել է մարդկությունը։ Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանը հատկությունը և որակությունը մաքուր պահել միմիայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ, այս ճշմարտությունս ուրացողը, ուրացող է ազգության։


  1. Հավանաբար այս բանաստեղծությանը գրել է Նալբանդյանը։