Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ներսեսը հարկադրվեցավ փախչել գնալ յուր հայրենի գավառը։ Այն ժամանակ ազգը Հովհաննես Մանասկերտցի վարդապետին հանձնեց աթոռի տեղապահությունը, որ ազգային հոգևորների ժողովով 651 թվականին, նզովեց Մանասկերտի մեջ Քաղկեդոնյան ժողովը։

Ազգային պատմիչների վկայելով այսպես է եղել բանի ընթացքը. իսկ այսպիսի, երկյուղի համար, րոպեական ընդունելությունը մի՛թե նմա՞ն չէ Վարդանանց մոգություն ընդունելուն և միթե կարելի է մտածել, և արդյոք թո՞ւյլ է տալիս լոգիկան եզրակացնել, թե հայք, վերստին (իսկույն) մերժելով այդ հաղորդությունը, ցավեին յուրյանց բաժանվելու վերա։ Եթե պիտի ցավեին, նշանակում է հոգով և սրտով ընդունել էին, իսկ թե ընդունել էին, ի՛նչ հարկ կար վերստին բաժանվելու։

Չգիտենք, թե ի՛նչ աղբյուրից գիտե պ. Խուդաբաշեվը, որպես թե հոգևորականությունը ծարավում էր միաբանության, և սրտի խորքում արտասվում էր հերձվածի դառն պտուղների վերա: Իբրև վկայություն այս բանին, կարո՞ղ է արդյոք պարոնը հառաջ բերել մեզ մի պատմական իրողություն։ Բայց մինչև նորա այս առաջարկությունը ընդունելը կամ մերժելը, թող ներվի մեզ կարծել, թե պ. Խուդաբաշեվը ուրիշ տեսակ չէ իմանում այս բաներս, այլ միայն յուր երևակայական զորությամբ, որ ինչքան և հանդես ունենա բանաստեղծության մեջ, պատմական գործերում զրկված է ամենայն արժեքից։

Դարձյալ պ. Խուդաբաշեվը գրում է, «թեև կարելի էր, հետո, մոտից ճանաչելով ճշմարտությունը, ընդունել Քաղկեդոնյան ժողովի սահմանադրությունքը, ինչպես վրացիք ընդունեցին, բայց, ձախողակի, հայերը մնացին միևնույն սխալ դատողության մեջ» (երես 184), այսինքն մերժեցին Քաղկեդոնյան ժողովը։

Պարտականություն համարում ենք հրապարակով հայտնել անարվեստ կոմպիլատորին, թե մեք, քննելով և քրքրելով հայոց պատմության թերթերը, ո՛չ մի տեղում չենք գտանում բուն ազգի կամ նորա հոգևորականության մեջ միավորության ձգտողություն, իսկ գորան հակառակ միտումն, ամենայն քայլափոխում, մինչև որ Լամբրոնացին հարկադրվեցավ չափավորություն քարոզել, որովհետև եկեղեցու անկախությունը պաշտպանելու և օտարից հեռանալու զգացողությունը բարձրացել էր մինչև թշնամության աստիճան։

Որքան խոսք ու ժողովք եղած են միավորության խնդրի մասին, այդ բոլորը միշտ պատահել են նախ, հույների առաջարկությամբ և երկրորդ, ազգի անիշխանության կամ մի այնպիսի ժամանակ, երբ Բյուզանդիոնը մեծ ազգեցություն ուներ Հայաստանի վերա։ Իբրև ապացույցք մեր այս մասին ասածներին, գնում ենք պ. Խուդաբաշեվի առաջև մեր ազգային