Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հավերժի ուխտը պահելով,
Ինձ արարածք խոնարհում են.
Աստղերն էլ խոսքիս լսելով
Ուրախ շողերով խաղում են։

Բայց, երբ ամբոխված քաղաքից
Ես շտապով անցնում եմ,
Ծերերը անձնասիրությամբ
Յուրյանց տղերքին ասում են.

«Նայեցե՜ք, սա օրինակ ձեզ,
Չապրեց մեզ հետ, նա հպարտ էր,
Կույրը ուզեց հավաստել մեզ
Թե նորա բերնով աստված խոսում էր։

Նայեցե՜ք, տղերք, նորա վերան,
Ի՞նչպես նվազ ու գունաթափ.
Ի՞նչպես, անարգ, խեղճ, կնճռադեմ
Ի՞նչպես անարգում են նորան»:


ԲԱՆԱՍՏԵՂԾ

Նմանություն

Բանի բանաստեղծն չունի մուսայից
Մի բան երգելու հատուկ հըրաման,
Նորա քնարը միշտ մունջ է մնում,
Ինքը անհոգի, անզոր ու անձայն:

Բայց երբ երկնքից կըփայլե հոգուն
Անաղոտ լույսը պայծառ արևին,
Նա կմոռանա բոլոր աշխարհը,
Այլ չի պատկանիլ նա այս աշխարհին։

Գրիչը ձեռին թղթի դաշտումը
Կվազե արագ, ինչպես եղջերու,
Ոչ ոք չէ կարող նորա հակառակ
Իզուր փորձ փորձել կամքը կոտրելու։