Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն՝ կոչնակը վանքին,
Եղնիկները մըթնշաղին դեպ ի գետափ կը դիմեն․
Աղջիկ մըն է կարծես հովը՝ գինով մուրտի բուրումեն՝
Որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին։
5
Վանքին քովի արահետեն կարավանները կ՚անցնի՜ն,
Բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն․
Մինչ կըսպասեմ ջինջ լույսերուն՝ որոնք ծագիլ կը համեն.
Ու կը լըսեմ շշուկներն՝ որ կը հծծեն մեջը ցանկին։
Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված, 10
Տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած։
Արբշիռ բույրեն՝ զոր կը բերե ինծի առտուն անխըռով,
Ես կ՚երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
Լույս պարիկին՝ որ իղձերըս պըսակելու պիտի գար։